Սուրեն Սահակյանը դադարեցրել է իր անդամակցությունը «Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցությանը

Armenpress 12:36, 26 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրեն Սահակյանը դադարեցրել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությանն իր անդամակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Սուրեն Սահակյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Վստահ եմ՝ կուսակցությունը ո՛չ կնիքն է, ո՛չ էլ պետական ռեգիստրում գրանցման վկայականի թվերը։ Կուսակցությունը քաղաքական միտքն է, որ կրում են մարդիկ ու նրանց միավորումները։ Այն քաղաքացիներին, որոնք քվեարկել են ՔՈ-ի օգտին, վստահեցնում եմ՝ գաղափարները, որ կրում էր ՔՈ-ն, տարածվելու են և դոմինանտ դառնան։ Դրանք կրող մարդիկ այլևս երբեք թույլ չեն տա վերադառնալ նախկին մտածողությանը։ Որտեղ էլ լինեն այդպիսի մարդիկ, իրենց գործունեությամբ նպաստելու են այդ գաղափարների տարածմանը և կյանքի կոչմանը։ Սակայն հնարավոր է, որ դրա համար յուրաքանչյուրն ի՛ր ճանապարհն ունենա։

Թե ինչպես կշարունակվի ֆորմալ քաղաքական ի՛մ ճանապարհը, լրացուցիչ կտեղեկացնեմ։ Խնդրում եմ ըմբռնմամբ մոտենալ, որ այս պահին ո՛չ ՔՈ-ի մասին, ո՛չ ապագայի մասին որևէ այլ մեկնաբանության պատրաստ չեմ։ Այս պահին ուղղակի երախտագիտությունս եմ հայտնում մարդկանց, որոնք աջակցել են ՔՈ կուսակցությանը, որևէ մասնակցություն են ունեցել նրա գործունեությանը, հարազատ են համարել այն, քվեարկել են։ Ես ձեր հավերժ պարտապանն եմ, մարդիկ»,- գրել է Սահակյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am