1000х90.jpg (78 KB)

Տոկիո-2020. Ուրախ և տխուր եմ օլիմպիական այս առաջին մեդալի համար. Հովհաննես Բաչկով

Armenpress 11:24, 8 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյում կայացավ Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի պարգևատրության արարողությունը, որի ժամանակ իր նվաճած բրոնզե մեդալն ստացավ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի Հովհաննես Բաչկովը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննես Բաչկովն արարաողությունից հետո լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասաց. «Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի համար բրոնզե մեդալ նվաճելը: Սպասում էի ավելիին, բայց էլի, փառք Աստծո, որ կարողացանք այս մեդալը նվաճել: Ուրախ և տխուր եմ օլիմպիական այս առաջին մեդալի համար: Շատերը կմտածեն, թե ինչու եմ տխուր բրոնզե մեդալի համար, սակայն, երբ դու քո քաշում ֆավորիտ ես, մի քիչ տխրում ես նման մեդալի համար»:

Բաչկովը շեշտեց, որ ամեն մի մեդալի հետևում հսկայական աշխատանք կա: «Եթե հնարավոր լինի պրոֆեսիոնալ և սիրողական բռնցքամարտը համատեղել, ապա գուցե հաջորդ խաղերին էլ մասնակցեմ»,-շեշտեց նա:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը, որ արդեն իսկ ապահովել էր օլիմպիական բրոնզե մեդալը, կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր Դեյվիս Քեյշոուի հետ: Տոկիոյի Կոկգիկան արենայում կայացած կիսաեզրափակիչ մենամարտում Բաչկովը զիջեց և դարձավ բրոնզե մեդալակիր:

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության և արդեն իսկ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Խաղերի բացման արարողության ժամանակ ևս նրան էր տրված Հայաստանի դրոշը տանելու պատիվը: Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալներ:

Լուսանկարը՝ Sport Mediamax 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am