Ճապոնիայի հետ համագործակցության հեռանկարներ կան բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Armenpress 16:03, 18 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը 3 երկրներում՝ Հայաստան, Պակիստան և Շրի Լանկա, իրականացրել է  ուսումնասիրություն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում՝ պարզելու տվյալ երկրներում ոլորտի առկա վիճակն  ու զարգացման հեռանկարները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ուսումնասիրության արդյունքում, յուրաքանչյուր երկրի համար, այդ թվում՝ նաև Հայաստանի, պատրաստվել է տեսանյութ, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես առաջատար ՏՀՏ երկիր, որն ունի  գիտահետազոտական և մարդկային ստեղծարար մեծ ներուժ։

Տեսանյութում նաև խոսվում է  Խորհրդային Միությունից մինչ այսօր  ոլորտում գրանցած հաջողությունների մասին, ներկայացվում է հայկական տեխնոլոգիական ընկերությունների հաջողության պատմությունները։

Տեսանյութը նպատակ ունի ճապոնական ընկերությունների ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարներ ուրվագծելու համար։

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) պետական կառույց է, որի նպատակն է աջակցել զարգացող երկրներում տնտեսական ու սոցիալական աճին, ինչպես նաև խթանել միջազգային համագործակցությունը՝ կիսվելով գիտելիքներով ու փորձառությամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am