1000х90.jpg (78 KB)

Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում 1915 թվականից ի վեր առաջին անգամ պատարագ է մատուցվել  

Armenpress 14:49, 30 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արևմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցում 1915 թվականից ի վեր առաջին անգամ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի գլխավորությամբ պատարագ է մատուցվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկանում ենք Պոլսո Հայոց պատրիարքարանի «Ֆեյսբուքի» էջից։

Եկեղեցու վերանորոգման վերջին աշխատանքները մեկնարկել էին 2012 թվականին և տարբեր ուսումնասիրությունների, պետության հետ կապված հարցերի, ինչպես նաև ոչ բավարար բյուջեի պատճառով մինչ 2021 թ. չէին ավարտվել։ 2021 թ. եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, և եկեղեցին 106 տարի անց պատարագով կրկին իր դռները բացել է հավատացյալների առաջ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունների որոշմամբ վերակառուցումից հետո եկեղեցին կծառայի նաև որպես մշակույթի կենտրոն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am