1000х90.jpg (78 KB)

«իԳործ» ծրագիրը մեկ տանիքի տակ է հավաքել աշխարհի բազմաթիվ հայերի

Armenpress 14:15, 2 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի առաջին փուլը, որը մեկնարկել էր 2020 թվականին՝ մոտեցավ ավարտին։

«Արմենպրես»-ը ծրագրի մանրամասների մասին զրուցել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ, «իԳործ» ծրագրի ղեկավար Լիանա Սիմոնյանի և մասնակիցներ՝ Արմեն Բեգիջանիի և Արմեն Գաբրիելյանի հետ։

Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին, տևել է 1 տարի և արդեն ավարտվել է։ Լիանա Սիմոնյանի խոսքով՝ «իԳործ»-ը հնարավորություն է տվել սփյուռքի մասնագետներին աշխատել Հայաստանի պետական մարմիններում։

«Մեր ծրագրի մասնակիցները, ովքեր թվով 52-ն են եղել, ըստ պետական օղակների կողմից ներկայացված մասնագիտական կարիքների, գործունեություն են ծավալել պետական համակարգում և հնարավորություն ունեցել ներդնել սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականության ու ծրագրերի մշակման գործում: Մենք ընտրել ենք հատուկ չափորոշիչներով՝ անձը պետք է ունենար մագիստրոսի կամ ավելի բարձր աստիճան, բավականաչափ հայրենասեր լիներ, պատրաստ լիներ մեկ տարի բնակվել և աշխատել Հայաստանում»,- ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ 52 մասնակիցները եղել են 19 երկրից՝ Ռուսաստանից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ավստրիայից, Լիբանանից, Չինաստանից, Ուկրաինայից, Իրանից, Վրաստանից, Իսրայելից և այլն։ Առանձնացնելով ծրագրի նպատակները Լիանա Սիմոնյանը նշեց, որ «իԳործ»-ի միջոցով իրենք ցանկացել են օգտագործել սփյուռքի մարդկային ներուժը՝ կառավարման համակարգը զարգացնելու գործում, ինչպես նաև խթանել մասնագիտական հայրենադարձությունը։

«Մեր այս փուլի մասնակիցների մի մասը որոշում է կայացրել մնալ Հայաստանում և չվերադառնալ այն երկիր, որտեղ ապրել է մինչ այդ։ Շատերը հայրենադարձվել են իրենց ընտանիքների հետ»,- ասաց Սիմոնյանը։

Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած Արմեն Բեգիջանին ծնվել է 1986 թվականին՝ Թեհրանում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Բեգիջանին նշեց, որ հայկական դպրոց է հաճախել, համալսարանում ընտրել է ճարտարապետի մասնագիտությունը, ստացել բակալավրի աստիճան, ինչից հետո ընդունվել է մագիստրատուրա՝ ճանապարհաշինության ֆակուլտետ։

«Մինչև այս ծրագրին դիմելը, մոտ 10 տարի աշխատել եմ քաղաքային ճանապարհային երթևեկության ճարտարագիտության ոլորտում։ Այսինքն՝ ես փորձում եմ հատուկ մեխանիզմների ու ծրագրերի շնորհիվ այնպես անել, որպեսզի քաղաքային երթևեկությունը լինի հնարավորինս հարմարավետ, առանց խցանումների ու պատահարների»,- ասաց Բեգիջանին։

Նա մոտ 2 տարի առաջ ամուսնացել է և կնոջ՝ Ադանայի հետ, բավական ժամանակ մտածել են Հայաստան տեղափոխվելու ու ապրելու մասին, սակայն ինչ-ինչ պատճառներով մտադրության իրագործումը հետաձգվել է։ «իԳործ» ծրագրին դիմելուց հետո Բեգիջանին անցել է բոլոր փուլերը և ընտրվել որպես մասնակից, Հայաստան գալուց հետո սկսել է աշխատել Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչությունում։

«Քաղաքապետարանում աշխատանքի անցնելուց հետո սկսել եմ վերլուծություններ անել քաղաքային երթևեկության վերաբերյալ, վեր հանել բոլոր խնդիրները և սկսել դրանց լուծումներ տալ։ Իմ առաջարկով փոփոխություններ են եղել Աջափնյակ վարչական շրջանի Չաուշի-Մազմանյան փողոցների խաչմերուկում՝ Չաուշի փողոցը ցածր էր, պետք էր բարձրացնել, լուծումները տվել եմ, թե ինչպես պետք է անել, Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների փոփոխություններ են եղել և այլն։ Ներկայում, փոփոխությունների է ենթարկվում նաև Վաղարշյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկի աջ դարձն ու լուսացույցի ժամանակը»,- ասաց նա։

Այժմ Բեգիջանին կնոջ հետ Թեհրանից տեղափոխվել է Երևան մշտական բնակության, և դեռ 2020 թվականին նրանք ստացել են ՀՀ քաղաքացիություն։ Հայրն ու մայրն էլ Երևանում բնակարան ունեն և հաճախ են այցելում իրենց հայրենիք։

Ծրագրի մյուս մասնակիցը՝ Արմեն Գաբրիելյանն էլ ԱՄՆ-ից է ժամանել Հայաստան, սակայն, չնայած մեծ ցանկությանը, դեռևս չի կարող մշտական բնակություն հաստատել հայրենիքում։ Վստահեցնում է՝ պլանավորում է երկար ժամանակ ապրել Հայաստանում:

«Ծնվել եմ ԱՄՆ-ում, ուսումս նույնպես ստացել եմ այդ երկրում։ Բակալավրի աստիճան եմ ստացել որպես տնտեսագետ, Վաշինգտոնում մագիստրոսական կրթություն են ստացել: Զուգահեռ աշխատել եմ ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցչությունում՝ որպես Ամերիկայի հայկական համագումարի ստաժոր: Վաշինգտոնում աշխատել եմ նաև կոռուպցիայի դեմ պայքարի վերլուծական կենտրոնում՝ հատուկ ուշադրություն դարձնելով Եվրասիական տարածաշրջանին: Աշխատել եմ նաև միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնում, որը մասնագիտացած էր օտար պետություններին օրենսդրական բարեփոխումների աջակցության և պրակտիկայի տրամադրման ուղղությամբ՝ խրախուսելով հակակոռուպցիոն հաջողությունները: «իԳործ» ծրագրին դիմել ինձ դրդել է Վաշինգտոնի իմ լավ ընկերներից մեկը, ով  ներգրավված էր ՀԲԸՄ-ի երիտասարդական մասնագիտական ցանցին։ Համեստություն չեմ անի, եթե ասեմ, որ ես բավականին հայրենասեր եմ ու Հայաստան աշխարհը շատ եմ սիրում։ Այս դեպքում ժամանակն իմ օգտին աշխատեց՝ ավարտեցի համալսարանը և մասնագիտական կարողություններս բերեցի իմ հայրենիք»,- նշեց Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝անձամբ իր համար այս ծրագրի շրջանակում առկա աշխատանքում 2 առավելություն կար: Մեկն այն է եղել, որ հնարավորություն է ունեցել դիտարկել Հայաստանի իրավական և հաշվետվողականության ստանդարտները բանկային բնագավառում  և փոքր ու միջին ձեռնարկատիրությունների շրջանում, որը կարող էր համեմատել մյուս երկրների հետ: Երկրորդ առավելությունն այն է եղել, որ Գաբրիելյանի համար առիթ է ընձեռվել ներսից հասկանալ ամերիկյան կազմակերպությունները, օրինակ ինչպիսին է NED-ը, թե ինչ ազդեցություն ունեն Ամերիկայի, այսպես կոչված, «կրիտիկական շրջանների» վրա:

«Էկոնոմիկայի նախարարությունում շատ հագեցած գրաֆիկով եմ աշխատում: Ոչ միայն փորձառություն եմ ձեռք բերել ինձ տրված հանձնարարությունները կատարելիս, այլև մասնակցել եմ կառավարության համար ռազմավարական ծրագրերի և ուղղությունների մշակմանը: Կարծում եմ՝ ես նոր մոտեցում եմ բերել մի շարք հարցերում, որոնք այստեղ շատ տարածված չեն: Իմ կատարած մի քանի հետազոտական աշխատանք ևս վստահություն են տվել ինձ: Նման մասնագիտական պայմաններում կատարված հետազոտությունը տարբերվում է ակադեմիական հետազոտություններից: Մոտեցումն ավելի պրագմատիկ է, և ավելի շատ շեշտը դրվում է զեկույցի արդյունքային ցուցանիշների վրա, այլ ոչ թե որոշ ակադեմիական ապացույցների, որոնք մենք կիրառում ենք համալսարանում: Ես աշխատում եմ տնտեսական հետազոտությունների կենտրոնում, այդ իսկ պատճառով մեր աշխատանքի շեշտը հիմնականում դրվում է մակրոտնտեսական հետազոտությունների վրա, օրինակ՝ ստվերային տնտեսության, հարկերի, նվազագույն աշխատավարձի, կապիտալի և այլն»,- ասաց Գաբրիելյանը:

Անդրադառնալով լեզվական խոչընդոտներին՝ նա շեշտեց, որ ինքը հայերեն խոսում է ծնողների շնորհիվ, որոնք տանը խոսել են միայն հայերեն:

«Իմ ընթերցանությունն ու գրավոր հմտությունները դեռ թույլ են, բայց ցանկանում եմ կատարելագործել դրանք: Կարող եմ ասել, որ քաղաքին և ապրելակերպին հարմարվելը այդքան էլ դժվար չի եղել, սակայն հաղորդակցվելու առումով դժվարություններ, իրոք, եղել են: Այն, ինչ ցանկանում ես ասել, շատ է տարբերվում այն փորձից, ինչ ես ունեցել եմ ԱՄՆ-ում և Եվրոպայում»,- ասաց Գաբրիելյանը:

Նա շեշտեց՝ ուրախ է, որ շարունակելու է ևս մեկ տարի մնալ համակարգի մեջ և աշխատելու է Էկոնոմիկայի նախարարությունում: Դրա հետ  զուգահեռ, պատրաստվում է նաև տնտեսագիտության ասպիրանտական ծրագրին դիմել, նաև հնարավորություններ է փնտրում հայ-չինական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, որոնք կարևոր է համարում տնտեսական աճի համար:

«իԳործ» ծրագրի երկրորդ փուլը մեկնարկում է 2021 թվականի սեպտեմբերին և մասնակցելու է 50 հոգի։ Այս տարի նույնպես աշխարհագրությունը բավականին լայն է, մասնակիցներ են ավելացել նաև Արգենտինայից ու Բրազիլիայից։  

Զրուցեց՝ Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am