Պետք է փորձենք մի քայլ առաջ գնալ, գիտնականների առաջ այդ խնդիրն ենք դրել. Վահագն Խաչատրյանը՝ սպառազինության մասին

Armenpress 14:26, 2 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը խնդիր է դրել նոր գաղափարներով հնարավորինս օգնել բանակի սպառազինությանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը:

«Այդ աշխատանքը կատարվում է, ուղղակի խնդիրն այն է, որ պահանջները շատ մեծ են: Մեր բանակի պահանջների համար շատ մեծ ծավալներ են անհրաժեշտ:  Այսօրվա մեր արտադրական հնարավորությունները մեզ դա թույլ չեն տալիս: Այդ առումով մենք ստիպված ենք դրսից գնումներ կատարել, բայց մենք հնարավորինս աջակցում ենք ներսի արտադրողներին, որ կարողանան այս հարցում բանակին օգնել»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ այժմ խոսքը 5-րդ սերնդի զինատեսակների մասին է: «Մեր հիմնական մոտեցումն այն է, որ հիմա փորձենք մի քայլ առաջ գնալ նրանից, ինչ կար երեկ, որը նույնիսկ համարվում էր առաջադեմ: Մեր գիտնականների առջև այդ խնդիրն ենք դրել»,-ասաց Վահագն Խաչատրյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am