Պետություն-մասնավոր համագործակցությանը նվիրված հանդիպմանը քննարկվեցին երկխոսության հաջողության հնարավորությունները

Armenpress 12:49, 8 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Պետություն-մասնավոր երկխոսությունը Հայաստանում» թեմայով շահեկիրների հանդիպմանը գործարար միությունների, ոլորտային ասոցիացիաների, մասնավոր ընկերությունների և միջազգային կազմակերպությունների հետ քննարկվեց, թե ինչպես կարելի է բարելավել երկխոսությունը և ինչպիսի մեխանիզմներ պետք է ներդնել արդյունավետ ու կայուն երկխոսության հարթակներ ստեղծելու համար։

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեծ կարևորություն է տալիս պետության և գործարար համայնքի միջև երկխոսությանը, քանի որ հենց այդ երկխոսության ընթացքում են վերհանվում գործարարությանը խոչընդոտող խնդիրները և համատեղ աշխատանքի արդյունքում գտնվում լուծումներ։ Կառավարության ծրագրում մենք հատուկ շեշտ ենք դրել պետություն-մասնավոր համագործակցության վրա և մենք հատուկ ծրագրով կուժեղացնենք այն։ Պետություն-մասնավոր երկխոսության կայացման առումով նշանակալի դեր ունեն նաև գործարար միություններն ու ոլորտային ասոցիացիաները, որոնք ներկայացնում են գործարարների խնդիրներն ու պաշտպանում նրանց իրավունքները։ Այս ամենը նկատի ունենալով՝ Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում՝ հզորացնելու միությունների և ասոցիացիաների կարողություններն ու դերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ ընթացիկ տարում ինքը փորձել է հնարավորինս ուժեղացնել պետություն-մասնավոր երկխոսությունը։ Քերոբյանը նաև շեշտեց, որ որոշակի հաջողություններ գրանցվել են այդ ոլորտում, սակայն դրանք դեռևս պետք է զարգացնել։

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն հանդիպման ընթացքում շեշտեց, որ վերջին տասնամյակում Հայաստանում գրանցվել են պետություն-մասնավոր երկխոսության հաջողված նախաձեռնություններ։

«Այդ նախաձեռնություններում իրենց գործուն ներդրումն են ունեցել միջազգային դոնոր կազմակերպությունները, այդ թվում ԱՄՆ ՄԶԳ-ն՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն։ Այնուամենայնիվ, մշակվող բարեփոխումները, քաղաքականությունը, օրենքները, կանոնակարգերը դեռ բավարար չափով չեն ներառում մասնավոր հատվածի տեսակետներն ու շահերը։ ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են մասնավոր հատվածի զարգացման համար գործարար միջավայրի բարելավմանը»,- նշեց Ջոն Ալելոն։

Միջազգային փորձագետ Ջեյմս Բրյուն էլ ընդգծեց, որ պետություն-մասնավոր երկխոսությունը բարդ գործընթաց է և չունի հաջողության հասնելու պարզունակ բաղադրատոմս։

«Այն կախված է լուծում պահանջող խնդիրների շուրջ համախմբվող կողմերի պատրաստակամությունից, կարողություններից, մտածելակերպից։ Երկխոսություններն ավելի հաջող և արդյունավետ են ընթանում, երբ մասնակիցներն ունեն համապատասխան գիտելիքներ՝ երկխոսությունը վարելու և խնդիրները ներկայացնելու առումով, և իրենց շահերի պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններն իրատեսորեն գնահատելու կարողություն»,- նշեց միջազգային փորձագետը։

Հանդիպման ընթացքում նաև ներկայացվեցին պետություն-մասնավոր երկխոսության սկզբունքները, միջազգային լավագույն փորձը, քննարկվեցին երկխոսության հաջողության հնարավորություններն ու ձախողման ռիսկերը, ինչպես նաև դրա բարելավմանն ուղղված առաջարկություններն ու հետագա քայլերը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am