Ադրբեջանի կողմից պահվող բոլոր անձինք պետք է անմիջապես ազատ արձակվեն. Լեհաստանի Սենատի մարշալեկը՝ ՀՀ ԱԺ նախագահին

Armenpress 21:00, 8 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վիեննայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, զրույցի ընթացքում արձանագրվել է, որ խորհրդարանական ձեւաչափով սերտ համագործակցությունն իր կարեւոր դերն ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու եւ առկա բարեկամական կապերը խորացնելու գործում:

«Ալեն Սիմոնյանը լեհ գործընկերոջը տեղեկացրեց, որ Հայաստանն իր գործընկերներից ակնկալում է աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով խաղաղ եւ երկարատեւ կարգավորելու գործում, ինչպես նաեւ քաղաքական ճնշում Ադրբեջանի վրա՝ անհապաղ ազատ արձակելու ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկին ի պատասխան նշել է, որ Լեհաստանի դիրքորոշումն ի սկզբանե եղել է այն, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ առանց զոհերի: Նա շեշտել է, որ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի հնարավորինս շուտ, եւ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր անձինք պետք է անմիջապես ազատ արձակվեն:

ՀՀ ԱԺ նախագահը հրավիրել է գործընկերոջը պաշտոնական այց կատարելու Հայաստան, որի ընթացքում կուղենշվեն հետագա համագործակցության ձեւաչափերը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am