Թատրոնը՝ դեպի գեղեցիկը տանող ճանապարհ. ռեժիսոր Ռուզաննա Խաչատրյանը նոր ներկայացումներ է պատրաստում

Armenpress 11:17, 14 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը կփորձի թատերասերներին մի փոքր շեղել առօրյա հոգսերից, մտահոգություններից՝ բեմ բարձրացնելով ռուս դասական Անտոն Չեխովի «Չինովնիկի մահը» և «Արջը» ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացում: Բեմադրության ռեժիսորը Ռուզաննա Խաչատրյանն է, որը Ստեփանակերտի թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո, ստանձնել է «Մհեր Մկրտչյան» թատրոնի գլխավոր ռեժիսորի պարտականությունները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռուզաննա Խաչատրյանը պատմում է սպասվող առաջնախաղերի, հատկապես ճգնաժամային իրավիճակներում մշակույթի դերի, նշանակության մասին:

Երիտասարդ ռեժիսորը խոստովանում է՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո որոշել է՝ այլևս չի վերադառնա Ստեփանակերտի թատրոն, քանի որ դա չափազանց ծանր է, դժվար: Այդ որոշումը կայացնելուց հետո «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանը, որի հետ Ռուզաննա Խաչատրյանը Ստեփանակերտի թատրոնում աշխատելու ընթացքում բարեկամացել է, ռեժիսորին առաջարկում է իրենց թատրոնում որևէ բեմադրություն անել, ինչը գուցե օգնի Խաչատրյանին ավելի արագ հաղթահարել այն ամենը, ինչի միջով անցել է:

«Համաձայնեցի: Արդեն որոշ ժամանակ աշխատում եմ այստեղ ու սկսել եմ բեմադրել Անտոն Չեխովի «Չինովնիկի մահը« և «Արջը» ստեղծագործությունները մեկ ներկայացմամբ: Ընտրել եմ գործեր, որոնք մոտ չեն լինի այն իրականությանը, որում մենք ենք հիմա: Այս գործն ինձ, իսկ հետագայում նաև հանդիսատեսին հնարավորություն կտա գոնե մի քանի ժամ տեղափոխվել թատերային իրականություն, չեխովյան վառ տրամադրություն»,- պատմում է Խաչատրյանն ու ընդգծում, որ մեր օրերում անհրաժեշտ են հայրենասիրական, մեր հաղթանակների մասին հիշեցնող թեմաներով բեմադրություններ, բայց պետք են նաև ներկայացումներ, որոնք հասարակությանն այլ տեղ կտանեն, կփորձեն ինչ-որ կերպ շեղել խնդիրներից ու հոգսերից:

Խաչատրյանի խոսքով՝ Չեխովը գրել է այն մասին, որ փոքր մարդու տեսակը, փոքրոգությունը կարող են սպանել գեղեցիկը, ամենալավը: «Ավաղ, այնպես է ստացվել, որ փոքրը գերակշռել է ու հաղթել: Հավատում եմ, որ կարողանալու ենք սատիրայի միջոցով մարդկանց հասցնել, որ այդ երևույթը՝ մարդկային փոքրությունը, երբեք օրինակելի չի կարող լինել, որ պետք է հնարավորինս հաղթահարել փոքր մարդուն, որը գուցե մեր ներսում է: Ներկայացումը կարող է նպաստել նման երևույթները բացառելուն»,- նշում է ռեժիսորը:

Անդրադառնալով թատրոնի գլխավոր ռեժիսորի պատասխանատու աշխատանքին՝ Խաչատրյանը շեշտում է, որ դա կարևոր առաքելություն է, և ինքը շատ շնորհակալ է «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրեն Էդգար Բադալյանին, գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանին առաջարկի համար:

«Ըստ իս՝ թատրոնի ստեղծագործական անձնակազմի, ղեկավարության հետ կարողանալու ենք ընտրել այն ճանապարհը, որն ավելի գայթակղիչ ու հետաքրքիր է դառնալու մեր հանդիսատեսի համար: «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն ունի իր հավատարիմ հանդիսատեսը, բայց ամեն մի ռեժիսոր իր գույնն ու մոտեցումն է բերում: Իհարկե, ոճային և գունային որոշ փոփոխություններ կլինեն: Սա արդեն ապագայի հարց է»,- ասում է Խաչատրյանը:

Ռեժիսորը համատեղության կարգով աշխատելու է նաև Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Խաչատրյանին թատրոն են հրավիրել տնօրեն Կարո Շահբազյանն ու գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը: «Այս թատրոնը ժամանակին ղեկավարում էր իմ վարպետը՝ Երվանդ Ղազանչյանը: Ինձ հարազատ թատրոն է, որտեղ բեմադրում եմ «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները»: Այն ավարտական փուլում է»,-նշում է նա:

Խաչատրյանը վստահ է՝ բոլոր ժամանակներում թատրոնը, առհասարակ մշակույթը  դեպի գեղեցիկը, դեպի փրկությունը տանող ճանապարհ են:

«Իմ խորին համոզմամբ՝ այսօր, առավել քան երբևէ, մեր ժողովուրդը կարիք ունի վերանայելու իր ինքնագնահատականը, վերանայելու իր ճգնաժամային վիճակը, և այդ գործում յուրաքանչյուր թատրոն պետք է իր առաքելությունն ունենա: Տեսնում եմ, որ հանդիսատեսն ունի թատրոնի կարիքը, տեսնում եմ, թե ինչ մեծ ոգևորությամբ են այցելում թատրոն: Արցախյան առաջին պատերազմից հետո էլ Ստեփանակերտի թատրոնը կարևոր գործ է կատարել: Քաղաքը ռմբակոծվում էր, բայց թատրոնում կոմեդիա էին խաղում: Հանդիսատեսի պակաս չկար»,- հիշում է Ռուզաննա Խաչատրյանն ու հավաստիացնում, որ հասարակության համար մշակույթն ուղղակի անհրաժեշտություն է:

Անժելա Համբարձումյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am