1000х90.jpg (78 KB)

ՀԱԷԿ-ի անվտանգությունն առավելագույն մակարդակի բարձրացնելու նպատակով եռակողմ համագործակցության հուշագիր է ստորագրվել

Armenpress 20:51, 14 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը և Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը սեպտեմբերի 14-ին համագործակցության հուշագիր են ստորագրել սեյսմիկ համակարգի միջոցով տվյալների ստացման և փոխանակման աշխատանքների բարելավման, ՀԱԷԿ-ի և շրջակա տարածքի սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրության նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը վստահեցրել է, որ հուշագրի ստորագրումը թույլ կտա ավելի ընդլայնել և նոր աստիճանի բարձրացնել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող կառույցի՝ հայկական ատոմակայանի անվտանգության բարձրացմանն ուղղված համագործակցությունը:

«Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն իր հերթին կարևորել է ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունն ընդհանուր անվտանգության համատեքստում և ընդգծել, որ հարկ եղած դեպքում ինչպես տեխնիկական աջակցության, այնպես էլ մասնագիտական գիտելիքների զարգացման առումով կարելի է ակնկալել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աջակցությունը»,- հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ հավելելով, որ, Էդուարդ Մարտիրոսյանի խոսքով, ԱԻ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը շարունակական է, նախարարի ատոմակայան կատարած վերջին այցի ընթացքում քննարկվել և վեր են հանվել սեյսմիկ անվտանգության բարձրացմանն ուղղված խնդիրներ, որոնց լուծմանն էլ ուղղած է ստորագրված Հուշագիրը:

Փաստաթղթի համաձայն՝ ՀՀ օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով կիրականացվի ՀԱԷԿ-ի շրջակա տարածքի սեյսմիկ մոնիտորինգ, կապահովվի արդիականացված սեյսմիկ ցանցի անխափան աշխատանքը, տեղի ունեցող երկրաշարժերի գրանցումը, հետագա վերլուծությունը: Հուշագրով նախատեսված աշխատանքներում կներգրավվեն կառուցվածքային մասնագիտացված ստորաբաժանումները, որոնք, որպես կողմեր, անհրաժեշտության դեպքում կարող են այդ աշխատանքների կատարման համար կնքել քաղաքացիա-իրավական պայմանագրեր, ինչպես նաև դիմել այլ կազմակերպությունների` օժանդակ աշխատանքների կատարման կամ ֆինանսական օժանդակության համար: Սահմանված է նաև տեղեկատվության փոխանցման կարգը:

Փաստաթուղթը գործելու է 5 տարի ժամկետով և նույնքան ժամանակով կարող է երկարաձգվել:

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am