ԱԺ-ում կվերաձեւավորվի հայ-հնդկական բարեկամական խումբը. Ալեն Սիմոնյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Armenpress 14:37, 15 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեւալին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ԱԺ-ից հայտնում են՝ հանդիպման ընթացքում Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում բարեկամական հարաբերությունների խորացումն ու զարգացումը:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ համագործակցության խորացմանը՝ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ Ազգային ժողովում շուտով կվերաձեւավորվի հայ-հնդկական բարեկամական խումբը, որը նշանակալի դեր կունենա միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում:

Նա հույս է հայտնել, որ Հնդկաստանի խորհրդարանում Հնդկաստան-Հայաստան բարեկամական խմբի ձեւավորումը եւս հնարավորություն կստեղծի համատեղ ջանքերով էլ ավելի խորացնելու օրենսդիրների կապերը:

Կարեւորելով միջազգային հարթակներում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դրական համագործակցությունը՝ ՀՀ օրենսդիրի ղեկավարը բարձր է գնահատել միջազգային կազմակերպություններում Հայաստանի կենսական հարցերի շուրջ Հնդկաստանի կառավարության հավասարակշռված մոտեցումը:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին: Այս համատեքստում հայկական կողմն արժեւորել է պաշտոնական Նյու Դելիի մոտեցումն առ այն, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է ստանա խաղաղ հանգուցալուծում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Հնդկաստանի դեսպանը բարձր է գնահատել միջազգային հարթակներում Քաշմիրի խնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող Հայաստանի մշտական աջակցությունը:

Համատեղ օրակարգի առաջնահերթություններում փոխայցելությունները դիտվել են որպես առաջնահերթություն՝ ի նպաստ երկկողմ համագործակցության նոր հեռանկարային ուղղությունների:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am