Կրակոցներ Արտաշատում. գազային ատրճանակն առգրավվել է

Armenpress 15:59, 15 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22.10-ին, ահազանգ էր ստացել այն մասին, որ Արտաշատի Իսակովի փողոցում կրակոցներ են: Դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը, Արարատի մարզային վարչության ղեկավարներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Իսակովի փողոցի ծաղկի խանութի մոտ երկու տղամարդ վիճաբանել են, որի ընթացքում Շահումյան գյուղի 47-ամյա բնակիչը գազային ատրճանակով կրակոցներ է արձակել 45-ամյա արտաշատցու ուղղությամբ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է յոթ պարկուճ:

Կրակողը բերման է ենթարկվել բաժին, հանցագործության գործիք ատրճանակը վերցվել է՝ փորձաքննության ուղարկելու նպատակով: Հանգամանքները պարզվում են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am