1000х90.jpg (78 KB)

Տիգրան Խաչատրյանն ու Ճապոնիայի դեսպանը կարևորել են երկու ժողովուրդների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի ակտիվացումը

Armenpress 16:04, 15 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից՝ Տիգրան Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների տնտեսական ծրագիրը եւ հատուկ շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ տարբեր բնագավառներում, հատկապես Առողջապահության ոլորտում, Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունների պարագայում առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության զարգացման անհրաժեշտությունն ու քննարկել դրա համար առկա բոլոր նախադրյալները: Շեշտվել է երկու ժողովուրդների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի ակտիվացման կարեւորությունը:

Ֆուկուշիմա Մասանորին հավաստիացրել է, որ պատրաստ է իրականացնել համապատասխան գործողություններ՝ մեծ ներուժ ունեցող հայ-ճապոնական հարաբերությունները տարբեր ուղղություններով ընդլայնելու եւ դրանց հետագա զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելու համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am