Արցախում ավտոմեքենաների տեխնիկական կտրոնի պահանջը կհանվի. ԱՀ ԱԺ հանձնաժողովը նիստ է գումարել

Armenpress 19:48, 23 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 23-ին հրավիրված նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: Նիստին ներկա էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ԱԺ-ից, նիստում քննարկվել են շրջանառության մեջ գտնվող մի շարք օրինագծեր, որոնք ներկայացրել են կառավարության լիազոր ներկայացուցիչները:

««Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» նախագծով առաջարկվող լրացումն ու փոփոխությունները կապված են ներքին գործերի նախարարության ստեղծմամբ պայմանավորված կառուցվածքային փոփոխությունների հետ:

«Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում» կատարելու մասին օրենքի նախագիծը քրեական օրենսգրքում առկա հակասությունները չեզոքացնելու նպատակ է հետապնդում:

«Զենքի մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով առաջարկվում է ներքին գործերի նախարարին վերապահել զենքով պարգևատրելու իրավասությունը:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացմամբ գործող օրենքի մի շարք դրույքներ հանվում են:

«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով հստակեցվում են համակարգի աշխատակիցների զենք կրելու և կիրառելու հիմքերը:

««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է հանել տեխնիկական կտրոնի պահանջը, մտցվում է տրանսպորտային միջոցների տեխնիկական տվյալները էլեկտրոնային շտեմարանում պահելու պահանջ:

Նախագծերը քննարկվել են պատգամավորների կողմից: Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ դրանք կներկայացվեն առաջիկա լիագումար նիստի քննարկմանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am