Փորձ է արվել Հայաստան ներմուծել կեղծ տվյալներով մեծ քանակությամբ հագուստ. ՊԵԿ

Armenpress 18:01, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից բացահայտվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության հերթական դեպքը։ 

«Օրերս վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծ տվյալներ ավելացնելու եղանակով կազմակերպվում  է ՌԴ-ից Հայաստանի Հանրապետություն ներմուծել մեծ քանակությամբ հագուստ։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից մշակվել և ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ ՀՀ   ռեզիդենտ բեռնափոխադրող ընկերության միջոցով  Հայաստանի տարածք է ներմուծվել շուրջ 6.5 տոննա քաշով չօգտագործված հագուստ, կոշիկ և բջջային հեռախոսի աքսեսուարներ, սակայն բեռն ուղեկցող փաստաթղթերում դրանք ներկայացվել են որպես օգտագործված ապրանքներ՝ էականորեն ցածր հաշիվ-ապրանքագրային արժեքով և ձևակերպվել են 30 տարբեր ֆիզիկական անձանց անունով:

Պարզվել է, որ հիշյալ ֆիզիկական անձինք չեն հանդիսացել ներմուծված բեռի իրական շահառուներ, այլ ապրանքները փաստացի պատկանել են Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող հարկ վճարողների և բեռը տարբեր ֆիզիկական անձանց անվամբ ձևակերպելու միջոցով փորձ է կատարվել խուսափել հարկային հսկողությունից և հարկային պարտավորությունների վճարումից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Ներմուծված ապրանքն առգրավվել է:

ԵՏՄ անդամ պետություններից ապրանքներ ներմուծող հարկ վճարողներին ՊԵԿ –ը  հորդորում է բարեխղճորեն հայտարարագրել հարկման բազաները  և վճարել    հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, հակառակ դեպքում կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ:

Կատարվում է հետաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am