1000х90.jpg (78 KB)

Վահագն Խաչատուրյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Armenpress 13:00, 12 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։

Նախարարը ողջունել է դեսպանին, ընդգծել երկու երկրների միջև դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, ապա՝ անդրադարձել Իրանի հետ նախարարության ունեցած ծրագրերին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, նախարարը կարևորել է երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարարաբերությունները և նշել, որ այժմ  անհրաժեշտություն կա հստակեցնելու անելիքները և ներդրում ունենալ, որպեսզի գործարար շրջանակները երկուստեք կարողանան առավել ակտիվ համագործակցել։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, կարևորել ձեռք բերված պայմանավորվածությունների և ծրագրերի իրականացման համար սահմանված ժամկետների հստակեցումը: Համագործակցությունն առավել ակտիվացնելու նպատակով՝ Աբբաս Բադախշան Զոհուրի նաև առաջարկել է մասնակցություն ունենալ անցկացվող ոլորտային ցուցահանդեսներին, փոխադարձ աշխատանքային այցելություններ կազմակերպել ոլորտի մասնագետների, պատվիրակությունների, միջբուհական և գիտական կառույցների միջև։

Անդրադարձ է եղել հոկտեմբերի  վերջին Երևանում նախատեսվող  DigiWeek-2021 միջոցառմանը, որի շրջանակներում տեղի կունենա նաև  Digitec ցուցահանդեսը։  Նշվել է, որ իրանական կողմին արդեն իսկ մասնակցության հրավեր է հղվել և  իրանական ներկայացուցչական պատվիրակության մասնակցությունն այդ միջոցառմանը ողջունելի կլինի։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am