Կառավարության աջակցությամբ կվերազինվի Հանրային հեռուստաընկերության ԱՍԲ-1 նկարահանման տաղավարը

Armenpress 11:50, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և 2020 թվականի գործունեության արդյունքներով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից ազատելու մասին որոշում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագծով առաջարկվում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերությանն» ազատել 2020 թվականի գործունեության արդյունքներով բյուջեի նկատմամբ առաջացած 377, 548.9 հազար դրամ շահութաբաժնի վճարումից և այդ գումարի չափով բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով՝ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը:

«ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի բնականոն գործունեության ապահովման համար ԱՍԲ-1 նկարահանման տաղավարի տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է վերազինել ԱՍԲ-1 նկարահանման տաղավարը:

Այս նախագծի ընդունումը կնպաստի Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից իրականացվող ծրագրերի և նպատակների իրականացմանը, որոնք անմիջականորեն կապված են ՀՀ Կառավարության ծրագրի և ոլորտային այլ ռազմավարությունների գրեթե բոլոր ուղղությունների հետ՝ լուսաբանման և հանրայնացման իմաստով:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում սպասվում է եկամուտների նվազեցում՝ 377,548.9 հազ. դրամի չափով»,- ասված է հիմնավորման մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am