1000х90.jpg (78 KB)

Մենք նորից սկսելու ենք Դադիվանք ուխտագնացությունները. Արցախի ԿԳՄՍ նախարար

Armenpress 12:06, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեպի Դադիվանք ուխտագնացությունները վերականգնվելու են` ըստ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի մոսկովյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ՀՀ ԱԺ-ում «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկմանը:

«Ռուս խաղաղապահների շնորհիվ մենք պահում ենք Դադիվանքը, այնտեղ 6 հոգևոր սպասավորներ ունենք: Այս պահին ժամանակավորապես դադարեցված են ուխտագնացությունները Դադիվանք: Բայց մենք նորից վերականգնելու ենք դրանք՝ օրերս Մոսկվայում տեղի ունեցած Վեհափառ հոր և Կիրիլ պատրիարքի հետ հանդիպման արդյունքներով: Դեպի Դադիվանք ուխտագնացությունները մենք նորից սկսելու ենք»,- ասաց նախարարը:

Ամարասում ուխտագնացությունը շարունակվում է: Ղարախանյանը հայտնեց նաև, որ հնարավոր է եղել կանխել Հայրենական մեծ  պատերազմի հուշարձանների ավերումը:

Դադիվանքը Հայ Առաքելական եկեղեցու հնագույն վանական համալիրներից է: Արցախի 44-օրյա պատերազմից հետո Դադիվանքը մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am