Սպորտային պարերի զարգացումը խթանելու համար Երևանում կանցկացվի «Կրիստալ» ակումբի բաց առաջնությունը

Armenpress 13:07, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի մրցավար, մարզիչ, պրոֆեսիոնալ պարող Ժորա Մխիթարյանը երկրում սպորտային պարերի զարգացմանը նպաստելու նպատակով նախաձեռնել է «Կրիստալ» պարային ակումբի բաց առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 17-ին «Նեպտուն» համալիրում:

«Արտերկրից հյուրեր 2021-ին չեն լինելու, սակայն մասնակցելու են 150-ից ավելի պարողներ Էջմիածնից, Արմավիրից, Գյումրիից, Ստեփանակերտից, Վանաձորից: Համավարակի պատճառով վարպետության դասեր չեն նախատեսվում»,- նշեց Մխիթարյանն ու հավելեց, որ առաջնությունն ամենամյա է և պարողներին համախմբելու լավագույն միջոցներից է:

Նրա խոսքով՝ նախաձեռնության շրջանակում համագործակցում են Պարի և սպորտային պարերի համահայկական խորհուրդը և Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիան: «Սա պարզապես առաջնություն չէ. այն հնարավորություն է տալիս պարողներին ճանաչելու միմյանց. նրանք և՛ աշխատում են միասին, և՛ դիտում են մեկը մյուսի պարերը, ինչը չափազանց կարևոր է: Առանց մրցույթների և նմանատիպ նախաձեռնությունների պարողները հաճախ չեն հաղորդակցվում, իրենց շրջանակից դուրս չեն գալիս, իսկ այստեղ շփումն ընդլայնվում է»,- շեշտեց Ժորա Մխիթարյանը:

Առաջնության մասնակիցները կարժանանան գավաթների, մեդալների, դիպլոմների: Ժյուրիի անդամները բարձրակարգ մասնագետներ են, որոնք ըստ արժանվույն կգնահատեն յուրաքանչյուրին: Մխիթարյանի հավաստիացմամբ՝ վեց տարում իրենց հաջողվել է այնպես անել, որ «Կրիստալը» սիրվի և սպասված իրադարձություն լինի:

Ժորա Մխիթարյանը վստահեցրեց՝ սպորտային պարերը կրթում են, հղկում, բարձր ճաշակ ու մշակույթ են ձևավորում: Նա հորդորեց հատկապես տղա երեխաների ծնողներին առավել լուրջ վերաբերվել պարարվեստին և նրանց հնարավորություն տալ զբաղվել պրոֆեսիոնալ պարով:

Անժելա Համբարձումյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am