Ոստիկանները մեթամֆետամինի իրացման դեպքեր են բացահայտել. մեկ անձ կալանավորվել է

Armenpress 18:13, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ու քրեադատավարական միջոցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական տվյալները ստացան, որոնք իրացրին՝ համագործակցելով Շենգավիթի բաժնի ծառայողների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում են ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ հոկտեմբերի 1-ին հայտնաբերել են Արտաշատում բնակվող 35-ամյա տղամարդու, որը Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեց Շենգավիթի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին։

Նույն օրը նույն կասկածանքով, «BMW» մակնիշի մեքենայով հանդերձ, Արաբկիր վարչական շրջանից Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 53-ամյա տղամարդ։ Նրա, ինչպես և մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա, մեթամֆետամին ու դանակ։

Հոկտեմբերի 1-ին՝ արդեն երեկոյան, Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 22-ամյա աղջիկ, որի խուզարկությամբ ևս մեթամֆետամին հայտնաբերվեց։

Ըստ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների տվյալների՝ բերման ենթարկվածները թմրամիջոցները ձեռք էին բերել Երևանում բնակվող 39-ամյա մի տղամարդուց։

Հետագա միջոցառումներով այդ տվյալները հաստատվել են։

39-ամյա տղամարդը ևս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նրա մեքենայի խուզարկությամբ մեթամֆետամին է հայտնաբերվել։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Վերջինս կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am