Եթե գյուղացին իր տնամերձից հանի չսերտիֆիկացված ծառերը՝ կառավարությունը կտրամադրի սերտիֆիկացված տնկիներ

Armenpress 18:28, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն քաղաքացիներին, որոնք կհամաձայնեն իրենց այգիներից հանել չսերտիֆիկացված ծառերը, կառավարությունը փոխարենը կտրամադրի սերտիֆիկացված տնկիներ: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր քաղաքացիների մի մեծ մասը տնամերձ այգիները չի դիտարկում որպես պոտենցիալ եկամտի աղբյուր: Մտածում են՝ դե ծառ է, տնկած է, կամ բերք կտա, կամ չի տա: Այստեղ մտածողության փոփոխության կարիք ունենք: Եթե մենք որպես եկամտի աղբյուր չդիտարկվող այդ տնամերձերը գումարենք, կտեսնենք, որ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած:

Խորհրդակցելով, և մտածելով, թե ինչպես կարող ենք փոխել այս իրավիճակը,  գաղափար ենք հղացել, որ պետական ծրագիր իրականացնենք հետևյալ տրամաբանությամբ. այն քաղաքացիները, որոնք կհամաձայնեն իրենց այգիներից հանել չսերտիֆիկացված ծառերը, այսինքն իրենց հողատարածքը մաքրել այդպիսի տնկիներից, կառավարությունը փոխարենը կտա սերտիֆիկացված տնկի, գումարած, որ իրենք այդ տնկիների համար ունենան կաթիլային ոռոգման համակարգ: Ես արդեն համապատասխան հանձնարարականը տվել եմ», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ իր գնահատմամբ տնամերձ այգիներում ծառերի 90 տոկոսը սերտիֆիկացված չեն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am