1000х90.jpg (78 KB)

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ու դիրիժոր Մարիուս Ստրավինսկին ելույթ են ունեցել «Արմենիա» փառատոնին

Armenpress 17:22, 16 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի հյուրերը՝ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ու դիրիժոր Մարիուս Ստրավինսկին հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոյին հնչել են Ղազարոս Սարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պաննոն, Պյոտր Չայկովսկու Պեցցո կապրիչոզոն թավջութակի և նվագախմբի համար և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի Թավջութակի կոնցերտը։

Նարեկ Հախնազարյանը նշել է, որ ինքը կատարել է Ալեքսեյ Շորի մի շարք ստեղծագործություններ, նաև ձայնասկավառակ է ձայնագրել, որը շուտով կթողարկվի։ Շորի Թավջութակի կոնցերտը, որը մենակատարը ներկայացրեց հայ հանդիսատեսին, կատարում էր առաջին անգամ (այն համեմատաբար նոր գրված գործ է): Հախնազարյանը բարձր է գնահատել կոնցերտը՝ հույս հայտնելով, որ այն կսիրվի ունկնդրի կողմից։

Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ թավջութակահարն ընդգծել է, որ այն իր համար շատ հարազատ կոլեկտիվ է, որտեղ նվագում են իր ընկերները։ «Միշտ շատ հաճելի է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալ, քանի որ դրական, երիտասարդ էներգետիկա ունի այս նվագախումբը»,- ասել է Նարեկ Հախնազարյանը։

Դիրիժոր Մարիուս Ստրավինսկին էլ նշել է, որ փառատոնները մեծ տոնախմբություն են ոչ միայն երաժիշտների, այլև ունկնդիրների համար. ստեղծվում է հրաշալի մթնոլորտ, որտեղ մտքեր են փոխանակվում, երաժշտական կյանքը եռում է։ Մաեստրո Ստրավինսկին երրորդ անգամ է ղեկավարում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը. ըստ նրա՝ երաժիշտները ջերմ ու երիտասարդ են, ինչը հեշտացնում է դիրիժորի աշխատանքը։ Ստրավինսկին կարևորել է նաև փառատոնի կազմակերպիչների մեծ ներդրումը։ «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC) աջակցում է երաժշտությանը ոչ թե խոսքերով, այլ իրական գործով։ Եվ այդ ամենը՝ ամբողջ աշխարհում ու հանուն դասական արվեստի տարածման ու զարգացման»,- ընդգծել է Ստրավինսկին։

Փառատոնային համերգները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 29-ը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am