ՆԱՏՕ-ն մտադիր չէ զենք տեղակայել տիեզերքում. Ստոլտենբերգ

Armenpress 19:35, 20 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն չի ծրագրում տիեզերքում զենք տեղակայել, սակայն չի կարող վստահ պնդել, որ իր անդամ երկրները նման ծրագրեր չունեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանն ընդառաջ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ ՆԱՏՕ-ն զարգացնում է իր ռազմական հնարավորությունները, ինչպես նաև ներդրումներ է անում նոր հնարավորությունների մեջ՝  պաշտպանվելու ցանկացած տեսակի սպառնալիքներից, այդ թվում և գերձայնային հրթիռներից: Մենք նաև ակտիվացնում ենք մեր աշխատանքը տիեզերքում, քանի որ այն շատ կարևոր է մեր կապի համակարգերի, հրթիռների արձակումներին հետևելու և հետախուզության համար»,- ասել է նա:

Ստոլտենբերգը չի հստակեցրել, թե արդյոք ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ունեն համակարգեր, որոնք կարող են որսալ գերձայնային հրթիռները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am