Դերասան Ալեք Բոլդուինը նկարահանման ժամանակ ատրճանակի կրակոցով սպանել է օպերատորին  

Armenpress 12:04, 22 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ամերիկացի հայտնի դերասան Ալեք Բոլդուինը ֆիլմերից մեկի նկարահանման ժամանակ ատրճանակով կրակել է օպերատորի ուղղությամբ: Կրակոցի հետևանքով կին օպերատորը մահացել է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստին» հայտնում է՝ նկարահանումներն անցկացվել են Նյու Մեքսիկոյում: Սանտա Ֆե շրջանի շերիֆը հաստատել է, որ կրակոցի հեղինակն Ալեք Բոլդուինն է եղել:

Բոլդուինը ոչ միայն "Ժանգ" ֆիլմի գլխավոր դերակատարն է, այլև պրոդյուսերը: Նա մարմնավորում է հանրահայտ հանցագործի, որն իմանում է, որ իր թոռանը մեղադրում են պատահական սպանության մեջ: Այդ մասին տեղեկանալուց հետո ընտանիքը փախուստի է դիմում:

Այս տեսարանի նկարահանման կամ փորձի հանգամանքները ստույգ հայտնի չեն: Այլ ԶԼՄ-ների հաղորդմամբ, ատրճանակը, որն օգտագործվել է որպես ռեկվիզիտ, պետք է լիցքավորված լիներ դատարկ պարկուճներով, բայց, թե ինչպես է կրակոցի ժամանակ գնդակը կամ բեկորները դիպել մոտ կանգնած երկու մարդու, առայժմ չի պարզվել: Նրանցից մեկը եղել է ֆիլմի ռեժիսորը, իսկ մյուսը՝ օպերատորը: Ռեժիսորը վնասվածք է ստացել, նրա վիճակը կրիտիկական է, իսկ օպերատորը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել է:

Հետաքննության ընթացքում կինոնկարի նկարահանումները դադարեցվել են: Բոլդուինը կամավոր է գնացել հարցաքննության:

Դերասանի դեմ այս պահին մեղադրանքներ դեռ չեն ներկայացվել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am