1000х90.jpg (78 KB)

«Ավելի մեծ, ավելի լավ, ավելի ուժեղ». Երևանում բացվեց Revery ընկերության նոր մասնաշենքը

Armenpress 16:23, 25 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ Երևանի «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարանի տարածքում այսօր տեղի ունեցավ Revery ընկերության նոր մասնաշենքի բացումը, որին ներկա էին ընկերության հիմնադիր և գործադիր նախագահ Հայկ Սարգսյանը, ինչպես նաև ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռեյ Հեզլին:

Revery ընկերությունը, որը հիմնադրվել է 2015 թվականին, անկախ ներդրումային ընկերություն է: Այն Nestle, Carlsberg Group, Makfa ընկերությունների պաշտոնական մատակարարն է Հայաստանում, ինչպես նաև Pepsi ընկերության պաշտոնական ֆրենչայզ իրականացնողն ու շշալցնողը Հայաստանում, Վրաստանում և Ուզբեկստանում:

Քառահարկ մասնաշենքի բացմանը հադես գալով ելույթով՝ Հայկ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ շենքի կառուցումը նախ և առաջ յուրօրինակ շնորհակալություն է բոլոր այն աշխատակիցներին, ովքեր այս տարիների ընթացքում անտրտունջ աշխատել են և նպաստել Հայաստանում ընկերության հաջողությունների գրանցմանը: Նա հատկապես կարևորեց ընկերության աշխատակիցների գործունեությունը պատերազմի ծանր օրերին, ինչպես նաև համավարակի դժվարին պայմաններում: «Ձեզ նայելով՝ ես ապագան եմ տեսնում: Մենք այս շենքը կառուցեցինք ոչ թե որովհետև ուղղակի գրասենյակային տարածք էինք ուզում ունենալ, այլ որովհետև վստահում ենք Հայաստանի ապագային: Հայաստանը տեսնում ենք որպես Revery միջազգային թիմի սիրտը, մարդկանց կենտրոնը: Մենք ցանկանում էինք ստեղծել այնպիսի կենտրոն, որտեղ մարդիկ ավելի հաճույքով կաշխատեն»,- նշել է Revery ընկերության հիմնադիրը:

Revery ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռեյ Հեզլին նշել է, որ նոր մասնաշենքը պարզապես գրասենյակային տարածք լինելուց  բացի պետք է տուն դառնա բոլորի համար: Խոսելով ընկերության նպատակների ու անելիքների մասին՝ նա ընդգծել է, որ Revery-ի նպատակն է լինել լավագույնը ապրանքների ստեղծման, վաճառքի, մատակարարման հարցերում: «Հայաստանը հնարավորությունների երկիր է: Ինձ հատկապես տպավորում է այն, որ այստեղ հնարավորությունից բացի կան հիանալի անձինք, ովքեր բարձր որակներ ունեն ու մոտիվացված են՝ լինելու լավագույնն իրենց գործում»,- ասել է Revery-ի գլխավոր գործադիր տնօրենը:

«Ավելի մեծ, ավելի ուժեղ, ավելի լավ». այս կարգախոսն ունեցող ընկերության ներկայացուցիչները խոստացան աշխատանքի հետագա տարիների ընթացքում հավատարիմ լինել իրենց կարգախոսներին՝ լսել միմյանց ու սովորել իրարից, լինել թափանցիկ, վճռական ու միասնական, ինչը կբերի բոլորի միասնական հաղթանակին ու լավագույն արդյունքների գրանցմանը:

Revery



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am