ԱՄՆ-ում անորոշ ժամկետով հետաձգել են Ալեք Բոլդուինի հնչյունավորած ֆիլմի կինովարձույթ դուրս գալը

Armenpress 21:46, 26 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Ֆլինտ քաղաքի էկոլոգիական խնդիրների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմի, որտեղ տեքստը կարդում է հայտնի դերասան Ալեք Բոլդուինը, կինովարձույթ դուրս գալը անորոշ ժամկետով հետաձգվել է՝ «Ժանգ» (Rust) ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ֆիլմի ռեժիսոր Էնթոնի Բաքսթերը:

«Մենք հետաձգել ենք ֆիլմի կինովարձույթ դուրս գալը՝ ի նշան հարգանքի վերջերս տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների», - նշել է շոտլանդացի ռեժիսորը: Նա հավելել է, որ իր համար շատ կարևոր է, որ Ֆլինտ քաղաքի բնակիչների պատմությունը լսելի դառնա:

Հանրահայտ դերասան Ալեք Բոլդուինը հոկտեմբերի 21-ին նկարահանման հրապարակում սխալմամբ մարդ է սպանել։ Միջադեպը տեղի է ունեցել Նյու Մեքսիկոյում, «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ: Ըստ սցենարի` Բոլդուինը պետք է կրակեր չլիցքավորված ատրճանակից ու ոչ մարտական փամփուշտներով: Բայց կրակոցի պահին փամփուշտը դուրս է թռել ատրճանակից, բեկորները ցրվել են ու վիրավորել նկարահանման հրապարակում գտնվող երկու անձի` ռեժիսոր Ջոել Սոուզին ու օպերատոր Հալինա Հաթչինսին։ Նրանք ուղղաթիռով հոսպիտալացվել են։ Սակայն 42-ամյա կին օպերատորի կյանքը փրկել չի հաջողվել: Նկարահանումները դադարեցվել են:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am