Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Քեթրին Քլարկի հետ

Armenpress 10:51, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հոկտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի օգնական, կոնգրեսական Քեթրին Քլարկի հետ։ Քեթրին Քլարկը Ներկայացուցիչների պալատի կարևոր հանձնաժողովներից մեկի՝ հատկացումների հանձնաժողովի անդամ է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին՝ Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։ Իր հերթին կոնգրեսական Քլարկը բարձր է գնահատել ամերիկայահայության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։

Դեսպան Մակունցը ներկայացրել է կորոնավիրուսային ներկա իրավիճակը Հայաստանում, համավարակի դեմ պայքարում ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական հետագա համագործակցության խորացմանը միտված հարցեր: Այդ կապակցությամբ կոնգրեսական Քեթրին Քլարկը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել օրենսդիր մարմինների միջև համագործակցության խթանման ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am