Լիտվայի Արդարադատության նախարարը Կարեն Անդրեասյանին հրավիրել է Վիլնյուս

Armenpress 13:30, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիչե-Տոլոչկիենեի հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ Լիտվայի կառավարության գործընկերներին հրավիրել է մասնակիցը դառնալու Հայաստանի բարեփոխումների լայն օրակարգին՝ ուղղված դատաիրավական, Սահմանադրության բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուտներ ստեղծելուն, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավելի լավ կառավարման ապահովմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից, նշելով, որ հանդիպման ընթացքում դեսպանը Լիտվայի արդարադատության նախարարի անունից Կարեն Անդրեասյանին հրավիրել է Վիլնյուս մի շարք ուղղություններով համագործակցելու համար։

Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը՝ Վիլնյուս այցելելու հրավերի համար ու դեսպանի հետ քննարկել է մի շարք ոլորտներում ևս համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները: Դրանք վերաբերել են էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, ոստիկանության բարեփոխումներին, ընտանեկան բռնության դեպ արդյունավետ պայքարին և այլն։  

Նախարարը, ի թիվս այլ գործոնների, մեկնարկած բարեփոխումները հաջողելու գրավական է համարել այդ գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը և դրա ուղղությամբ ձեռնարկված ու շարունակվող աշխատանքների մասին մանրամասներ է ներկայացրել Լիտվայի դեսպանին։

Դեսպանը բարձր է գնահատել Արդարադատության նախարարություն-քաղաքացիական հասարակություն ակտիվ համագործակցությունը և բարեփոխումների մի շարք ուղղություններով սեփական փորձով կիսվելու ու փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am