1000х90.jpg (78 KB)

Վատիկանի փոխպետքարտուղարը վերահաստատել է Սուրբ Աթոռի աջակցությունը ՀՀ կառավարությանը

Armenpress 15:07, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Վատիկանի դիվանագիտական ներկայացուցչության՝ առաքելական նվիրակության բացումը տարածաշրջանում կամուրջներ կառուցելու, առերեսման հնարավորություններ ստեղծելու և արդար ու տևական խաղաղության համար նոր ճանապարհներ բացելու խորհրդանիշը կդառնա Հայաստանի և առհասարակ միջազգային հանրության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Էդգար Պենյա Պառան՝ Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը:

Էդգար Պենյա Պառայի խոսքով՝ իր պաշտոնական այցը Հայաստան և Հայաստանի արտգործնախարարի հետ բարձր մակարդակի հանդիպումը հաստատում է այն համագործակցային և բարեկամական հարաբերությունները, որ միշտ եղել Սուրբ Աթոռի և Հայաստանի Հանրապետության միջև:

«Ես ողջույններ եմ բերել Հռոմի Ֆրանցիսկոս Պապից, ով վառ հիշողություններ ունի 2016 թվականին Հայաստան կատարած իր այցից և նախագահ Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ վերջերս ունեցած իր հանդիպումից», - ասել է փոխանորդը:

Էդգար Պենյա Պառայի այցի նպատակը, իր խոսքով, Երևանում Սուրբ Աթոռի առաքելական դեսպանատան նվիրակության հանդիսավոր բացումն է: Այդ կապակցությամբ նա խորին շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին և կառավարությանը, որոնք դեսպան Կարեն Նազարյանի միջնորդությամբ հորդորել են Սուրբ Աթոռին դիվանագիտական ներկայացուցչություն բացել Հայաստանում:

«Չնայած միջոցների և առկա անձնակազմի սակավությանը՝ ծրագիրը իրականություն դարձավ մի քանի ամիսների ընթացքում, որովհետև մենք բոլորս հավատում էինք դրան: Համոզված եմ, որ այս առաքելական նվիրակությունը Հայաստանի և ընդհանրապես միջազգային հանրության համար կլինի տարածաշրջանում կամուրջներ կառուցելու, առերեսման հնարավորություններ ստեղծելու և արդար ու տևական խաղաղության համար նոր ճանապարհներ բացելու խորհրդանիշ», - ասել է Էդգար Պենյա Պառան:

Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարի խոսքով՝ առաքելական նվիրակության ֆիզիկական ներկայությունը Հայաստանում, անշուշտ, օգտակար կլինի հնարավոր խնդիրների հանգուցալուծման և պատշաճ իրավական միջոցներով բավարար լուծումներ գտնելու հարցում:

Քանի որ հաջորդ տարի նշվելու է Հայաստանի և Վատիկանի միջև երկկողմ հարաբերությունների վերահաստատման 30-ամյակը՝ Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարը այդ կապակցությամբ մաղթել է, որ Երևանում բացվող նոր շինությունը ընդլայնի Սուրբ Աթոռի դիվանագիտական առաքելությունը քաղաքացիական ու պետական մարմինների ուղղությամբ, խթանի Հայ Առաքելական Եկեղեցու հետ եղբայրությունն ու բարեկամությունը և ուժեղացնի կապը տեղական կաթողիկե համայնքի ներսում՝ իր տարբեր ծիսակարգերով հանդերձ:

«Այսօրվա միջոցառումը վկայում է նաև այն հարգանքի մասին, որ Պետրոսի իրավահաջորդը և կաթողիկե եկեղեցին տածում են այս վսեմ հողի նկատմամբ, որտեղ բնակվում է քրիստոնեական հավատն առաջինն ընդունած հինավուրց ժողովրդի մի մասը», - ընդգծել է Էդգար Պենյա Պառան:

Վատիկանի փոխպետքարտուղարը խոսել է նաև Սուրբ Աթոռի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև բարեկամական հարաբերությունների մասին՝ընդգծելով, որ երկու եկեղեցիները հանձնառու են շարունակելու աշխատանքը հանուն ընդհանուր բարօրության:

Պետքարտուղարի փոխանորդի խոսքով՝ կաթողիկե եկեղեցին իր տարբեր ծիսակարգերով ներկա է Հայաստանում բազմատեսակ սոցիալական, կրթական և բարեգործական աշխատանքների միջոցով: Էդգար Պենյա Պառան հատուկ անդրադարձել է 1991 թվականին Հռոմի Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի նախաձեռնությամբ Աշոցքում հիմնադրված «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցին, Կարիտասի գրասենյակին, որը Հայաստանում ունի 52 սոցիալ-բժշկական կենտրոն, ինչպես նաև՝ հայաստանյան ավանդույթների ու գրականության տարածմանը, որն այդքան նվիրված ու արդյունավետ իրականացնում են Մխիթարյան միաբանության հայրերը:

«Կարող եմ նաև ավելացնել հաշմանդամների գործող երկու կենտրոնները Երևանում և Սպիտակում, որոնք աշխատեցնում են Կալկաթայի Մայր Թերեզայի գթության քույրերը: Տասնամյակներ շարունակ այս կառույցներն ակտիվորեն աշխատել են հայ հասարակությունում և իրենց նպաստն են բերել ընթացիկ շարժընթացին», - նշել է Վատիկանի ներկայացուցիչը  

Իր խոսքի վերջում Էդգար Պենյա Պառան վերահաստատել է Սուրբ Աթոռի աջակցությունը Հայաստանի կառավարության և միջազգային հանրության օրակարգային հարցերին՝ ուղղված խաղաղությանը և զինաթափմանը, մարդու իրավունքներին, մարդկային և մշակութային զարգացման, կրոնական ազատությունների և շրջակա միջավայրի պաշտպանության ու պահպանության հարցերի առնչությամբ:

«Ես աղոթք եմ բարձրացնում առ Աստված այն հույսով, որ ողջ հայ ազգը կվայելի հարատև խաղաղություն և իրական սոցիալական առաջընթաց՝ շարունակելով այն քրիստոնեական ավանդույթները, որոնք դարեր շարունակ ձեզ են ժառանգել ձեր նախնիները», - այսպես է իր խոսքը եզրափակել Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարը:

Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 27-ին: Նա մասնակցելու է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am