Վերակազմվել է Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբը

Armenpress 11:53, 11 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 10-ին վերակազմվեց Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբը։ Այդ միջոցառումը նաև նշանավորեց Հայաստանի Հանրապետության անկախության 30 ամյակը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, նշելով, որ իրենց գործունեության կարևոր ուղղություններից մեկը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարեկամների շրջանակի ընդլայնումն է և հանուն արդարության՝ հայկական պետական շահի պաշտպանությունը:

«Այս նպատակներին հասնելու համար Հայ դատի Եվրոպայի գրասենյակն ավանդաբար ակտիվորեն համագործակցում է ԵՄ-ում Հայաստանի առաքելության դիվանագիտական անձնակազմի հետ:

Ինչպես Եվրախորհրդարանի նախորդ երկու գումարումներում, այս անգամ էլ Հայ դատի գրասենյակն ակտիվորեն աշխատել է Հայաստանի հետ միջկուսակցական բարեկամության խմբի վերագործարկման ուղղությամբ, որը բաղկացած է Եվրոպական խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբերի անդամներից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միջոցառման ընթացքում Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Լուկա Ֆուրլասին՝ իր նախաձեռնության համար, բարեկամության խմբի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև Եվրոպական Միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Աննա Աղաջանյանին՝ ծավալուն աշխատանքի համար։

Բարեկամության խմբի նախագահն է Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը (ԵԺԿ, Կիպրոս): Օրենսդրական նախորդ շրջանում Հայաստանի հետ բարեկամության խումբը նախագահում էր Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր դոկտոր Էլենի Թեոխարուսը (Կիպրոս):

Հայտնում են, որ միջոցառման ընթացքում Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ բարեկամության խումբը արդարության պաշտպանության և Հայաստանում ու Արցախում մեր ժողովրդին օգնելու համար բազմաթիվ նախաձեռնություններ է ունենալու:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am