Երկու աշխարհների հակամարտությունը վերսկսվո՞ւմ է

Armenpress 09:15, 12 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան լիբերալիզմի ու կոմունիզմի դիմակայությունը վերսկսվում է, բայց ասպարեզում այժմ ԱՄՆ-ն ու Չինաստանն են, իսկ միջազգային իրավիճակն ավելի շատ հիշեցնում է այն, թե ինչպես էին իրադարձությունները զարգանում Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին: Այս մասին ֆրանսիական «Les Echos»-ում գրել է տնտեսագետ Ֆիլիպ Կրեւելը: Այո, ուժերի հավասարակշռության շնորհիվ առայժմ հաջողվում է խուսափել պատերազմից, բայց չպետք է մոռանալ, որ Չինաստանն ամենեւին էլ ԽՍՀՄ-ը չէ: Արեւմուտքի ու Չինաստանի մրցակցությունը միանգամայն այլ բնույթ ունի, քան Արեւմուտքի ու ԽՍՀՄ-ի դիմակայությունը: Ներկայիս դեռեւս խաղաղ դիմակայությունն ուղեկցվում է աննախադեպ տնտեսական կախվածությամբ:

1947 թ., երբ վայր իջավ «երկաթյա վարագույրը», բախվեցին երկու աշխարհներ՝ Արեւմուտքն ու Արեւելքը, լիբերալ ժողովրդավարությունն ու կոմունիստական վարչակազմերը, շուկայական տնտեսությունն ու պետական պլանավորումը: Մարշալի պլանի շնորհիվ, որին ԽՍՀՄ-ը հրաժարվեց մասնակցել, Արեւմուտքը շատ արագ հաղթող դարձավ:

Երկու համակարգերի հակամարտությունը ձգվեց ավելի քան 40 տարի: Չնայած մի շարք լարված պահերի, հատկապես՝ Կուբայի ճգնաժամն ու Արեւմտյան Բեռլինի շրջափակումը, միջուկային զսպումը ծառայեց որպես անվտանգության յուրատեսակ ցանց, որը խանգարեց «սառը պատերազմին»՝ վերածվելու տոտալ բախման:

ԽՍՀՄ անկումից 30 տարի անց 21-րդ դարի երկու մեծ տերությունները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Չինաստանը, նոր հակամարտության մեջ մտան, որը մի շարք գծեր է վերցրել նախորդից: Առաջվա պես դիմակայության մեջ են ժողովրդավարական ու կոմունիստական վարչակարգերը:

Անկախ ամեն ինչից, այս երկու հայացքները հանրությանը, այսինքն՝ մարդկանց, ուղղակիորեն հակադիր են: Մի կողմից՝ լիբերալ ու անհատապաշտական հանրություն, մյուս կողմից՝ ամբողջական՝ մարքսիստական եւ կոնֆուցիական հիմքերի վրա։ Ժողովրդավարական երկրներն անընդհատ խոսում են համամարդկային արժեքներին իրենց հավատարմության մասին, մինչդեռ Չինաստանը մտադիր չէ իր համակարգը պարտադրել ուրիշներին, ինչը չի խանգարում ընդլայնել սեփական ազդեցության գոտին, մասնավորապես՝ մատակարարումներն ապահովելու համար։

Ի տարբերություն նախորդ հակամարտության, տնտեսության գլոբալիզացիայի հետ մեկտեղ երկու աշխարհների փոխկախվածությունը տոտալ է դարձել: Արեւմուտքը կախված է Չինաստանից բազմաթիվ ապրանքների արտադրությունից, այդ թվում՝ համակարգիչներից, որոնք ինտերնետի շնորհիվ լիբերալ աշխարհին թույլատրում են առաջ մղել իր հավատարմությունն ազատությանը: Իսկ Չինաստանին սեփական զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ են Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարուստ երկրների արտահանումները:

Այս փոխկախվածությունն ի հայտ եկավ, երբ 1970-ականներին ամերիկացիները, մասնավորապես՝ Հենրի Քիսինջերը, որոշեցին աջակցել Չինաստանին՝ ինտեգրելով նրան համաշխարհային առեւտրին, որպեսզի միասնական ճակատով հանդես գան ԽՍՀՄ-ի դեմ: Չինաստանը, որը 16-րդ դարից հավատարիմ էր առեւտրային կոշտ մեկուսացման գաղափարին, աշխարհի համար բաց դարձավ ԱՄՆ-ի շնորհիվ։

Փոխկախվածությունը, որը չկար ԽՍՀՄ-ի դեպքում, որոշ առումով հիշեցնում է այն, ինչը տիրում էր Առաջին համաշխարհային պատերազմից կարճ ժամանակ առաջ՝ այն ժամանակահատվածում, որը նշվում է առեւտրի ուժեղ միջազգայնացմամբ։ Գերմանիային, որն այն ժամանակ զարգացող տերություն էր, ավելի ու ավելի հեգեմոն էին համարում հատկապես ռազմանավերի կառուցման ոլորտում։ Այս տեսակետը համառորեն պաշտպանում էին բրիտանացիները, որոնք նույնիսկ արտադրության քվոտաներ էին ներդնում՝ Գերմանիայի հզորությունը սահմանափակելու համար։

«Ահա արդեն մի քանի տարի Չինաստանը խոսում է այն մասին, որ մտադիր է 2049 թ. դառնալ աշխարհի առաջատար պետությունը բոլոր ոլորտներում ու դուրս մղել Արեւմուտքին: Օգտագործելով նոր «մետաքսի ճանապարհները», վերարտադրելով բրիտանական ու ամերիկյան մոդելները՝ Չինաստանն իր «սարդոստայնն է հյուսում» ողջ մոլորակում: Այս պահին տնտեսական փոխկախվածությունն ու միջուկային զենքն աշխարհին չեն թույլատրում հայտնվել երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, քանզի պաշտպանվում է ուժերի հավասարակշռությունը»,- գրում է «Les Echos»-ը:

Ձգտելով գերազանցել ԱՄՆ-ին՝ Չինաստանը նոր զենքեր է մշակում, այդ թվում՝ հիպերձայնային հրթիռներ: Պեկինն օգոստոսին փորձարկել է հիպերձայնային հրթիռ, որը պտտվել է երկրագնդի շուրջը ցածր ուղեծրով, նախքան կանխորոշված նպատակակետը թիրախավորելը: Ասում են՝ հրթիռն ընդամենը 38 կմ չի թռել մինչեւ թիրախը։

Չինաստանի պաշտոնատար դեմքերը չեն հայտարարել փորձարկման մասին ու չեն հաստատել այն: Այդուհանդերձ, «Financial Times» հայտնի թերթը կապվել է հետախուզության հինգ աղբյուրների հետ, որոնք տեղյակ են հրթիռների փորձարկման մասին: Երկու աղբյուր ասել են, որ Չինաստանը հիպերձայնային հրթիռների տեխնոլոգիաներում յուրահատուկ առաջընթացի է հասել:

«Ոչ մի պատկերացում չունենք, թե ինչպես է դա նրանց հաջողվել»,- ասել է աղբյուրներից մեկը:

Չինաստանի աճող միջուկային ներուժն ամերիկացիների լուրջ անհանգստությունն է առաջացնում: Իրավական առումով Չինաստանը կապված չէ ինչ-ինչ համաձայնագրերով եւ միեւնույն ժամանակ պատրաստակամություն չի ցուցաբերում՝ երկխոսության մեջ մտնելու այլ միջուկային տերությունների հետ միջուկային զինաթափման թեմայով: Արեւմուտքում տեխնոլոգիական ու ռազմական լճացումը կարող է չինական ուժերին մղել Թայվանի դեմ հարձակման, իսկ վերջինս միկրոպրոցեսորների արտադրության մեծությամբ երկրորդ երկիրն է աշխարհում:

Բացի այդ, եթե չհավատանք սինթեզի հնարավորությանը, աշխարհի երկու կոնցեպցիաները անհամատեղելի են թվում: Կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց, որ այս երկու աշխարհները շարժում են երկու ծայրահեղ հայացքներ, նույնիսկ եթե արեւմտյան երկրներն այնքան էլ մեծ ցանկությամբ չեն համաձայնել՝ ընդունելու ժամանակավոր միջոցառումներ ազատության սահմանափակման համար՝ կապված հայտնի իրադարձությունների հետ:

Պատմությունը սովորեցրել է մեզ, որ պաշտպանողական դիրքորոշումը հազվադեպ է հաղթող լինում: Հիշենք տրոյական ձին ու մյունխենյան համաձայնագիրը:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am