Ադրբեջանը սկսել է հրապարակել զոհերի և վիրավորների մասին տվյալներ

Armenpress 12:08, 17 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը սկսել է հրապարակել Հայաստանի արևելյան սահմանագոտու ուղղությամբ ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով ունեցած զոհերի և վիրավորների մասին տվյալներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 7 զինվոր, վիրավորվել՝ 10-ը: 

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ  նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։

Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ծավալված ռազմական գործողությունների հետևանքով երկու կողմից կան կորուստներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am