1000х90.jpg (78 KB)

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2020 թ. ՀՀ պետական մրցանակը շնորհվեց «Սինոփսիս» ընկերության նախագահին

Armenpress 15:31, 17 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական ամենամյա մրցանակաբաշխությունը ունի շատ կարևոր նպատակ՝ շեշտելու, որ այս ոլորտում Հայաստանը ասելիք և անելիք ունի: Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, որի դերակատարումը բերել է հեղափոխական բնույթի զարգացումների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ 2020 թվականի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի է արժանացել միկրոսխեմաների ասպարեզում համաշխարհային առաջատար «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանը: Մրցանակը նրան շնորհեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Որպես կոդերի հետ աշխատող մարդու՝ ասեմ, որ մենք սիրում ենք գործ ունենալ կոդերի հետ: Նախնադարյան քարտեզներում մի կոդ գրեցինք՝ «Արմենիա», որը թույլ տվեց մեզ լեգիտիմ իրավունք ունենալ լինելու 21-րդ դարում, զարգանալու և աշխարհին նորարարություն տալու: 5-րդ դարում մենք ևս մի կոդ գրեցինք հայկական տառերի տեսքով, որպեսզի ոչ միայն մեր մշակույթը, այլև համաշխարհային մշակույթը այդ կոդերի միջոցով հասցնենք 21-րդ դար: Եվ ես շատ ուրախ եմ, որ մի քանի օրից Դուք հյուրընկալվելու եք Մատենադարանում և կտեսնեք, թե ինչ ծավալի կոդավորված նյութ ենք հասցրել 21-րդ դար»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները կարգավորող «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ ՏՏ աշխարհում բազմաթիվ խոշոր դերակատարներ կան, սակայն նրանց մեջ կան մարդիկ, որոնք բացառիկ ներդրումներ են ունեցել մարդկության կյանքի ընթացքը փոխելու առումով: Եվ այս ամենամյա մրցանակաբաշխության միջոցով կազմակերպիչներն ուզում են մեծարել նման անհատներին, ապա նաև հյուրընկալելով նրանց Հայաստանում՝ հաղորդակից լինել այդ հսկաների հետ:

Մրցանակի դափնեկիրը՝ դոկտոր Չի-Ֆուն Չանը, իր հերթին շնորհակալություն հայտնեց մրցանակի համար՝ նշելով, որ դա մեծ պատիվ է ոչ միայն իր, այլև բոլոր այն մարդկանց համար, որոնք աշխատել են իր հետ:

Իր ելույթում հեղինակավոր գիտնականը շեշտեց՝ աշխարհն անընդհատ փոփոխության մեջ է, մարդկանց կյանքը շարունակաբար փոփոխվում է՝ կախված լինելով կլիմայից, կենսական համակարգերից և ենթակառուցվածքներից, մատակարարման շղթայից և այլ փոփոխություններից: Այդ շարքին է դասվում նաև կորոնավիրուսի համավարակը:

Չի-Ֆուն Չանի խոսքով՝ ամեն ինչ փոխկապակցված է, և բոլոր փոփոխություններին դիմակայելու համար անհրաժեշտ են տարբեր միջոցներ:

«Արհեստական բանականությունը (AI), Իրերի համացանցը (IoT), Մեքենայական ուսուցումը (Machine learning), Ամպային տեխնոլոգիաներն օգնում են մարդկության կյանքը հարմարեցնելու այդ փոփոխություններին: Այդ բոլորն իրականություն է դառնում կիսահաղորդիչային տեխնոլոգիաների միջոցով: «Սինոփսիսը» դրա սիրտն է: «Սինոփսիսի» գործիքների և տեխնոլոգիաների միջոցով մեզ շրջապատող աշխարհը դառնում է խելացի, անվտանգ և ապահով՝ ստեղծելով մի էկոհամակարգ, որտեղ բոլոր մասնակիցներն աշխատում են միասին: Այդ համատեղ աշխատանքի հիմքում ընկած է վստահությունը: Այդ վստահությունը բերեց մեզ Հայաստան, և Հայաստանը արդարացրեց մեր սպասելիքները», - ասաց «Սինոփսիս» ընկերության նախագահը:

 ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխությունն անցկացվում է 2010 թվականից: Մրցանակաբաշխության միջազգային հանձնաժողովը առաջին տարին որոշել էր մրցանակը հանձնել «Մայքրոսոֆթ» ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսին, սակայն քանի որ նա պատասխանել էր, որ չի կարող այցելել Հայաստան մրցանակը ստանալու, այդ պատճառով հանձնաժողովը փոխեց մրցանակակրի թեկնածուին և որոշեց մրցանակը շնորհել «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթին (2010 թ.): Հաջորդիվ մրցանակները ստացել են «Էյփլ Քոմփյութերս» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011 թ.), «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012 թ.), Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժըն» ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն (2013 թ.), «Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան (2014 թ.), «Կասպերսկի լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին (2015 թ.), «Open-Root» կազմակերպության գլխավոր գլխավոր տնօրեն, համացանցի համահիմնադիր Լուի Պուզեն (2016 թ.), «Նեսթ Լաբս» ընկերության համահիմնադիր, Ipod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը (2017 թ.), «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Դր. Ջեմս Թրուշարդը (2018 թ.) և Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր դր. Տակեո Կանադեն (2019 թ.):

2020 թվականի մրցանակաբաշխությունը հետաձգվել էր հայտնի պատճառներով և անցկացվեց այս տարի: 2020 թվականի մրցանակաբաշխության՝ 22 անդամից բաղկացած միջազգային հանձնաժողովը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր ընտրեց միկրոսխեմաների ասպարեզում համաշխարհային առաջատար «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանին:

Արամ Սարգսյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am