1000х90.jpg (78 KB)

Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիայի առաջադրած պայմանը չի կարող քննարկման առարկա լինել. Միրզոյան

Armenpress 15:19, 20 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիան նոր պայմաններ է առաջադրում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆրանսիական «Լը Ֆիգարո» օրաթերթին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Հայաստանը կարգավորել Թուրքիայի հետ իր հարաբերությունները:

«Մենք մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք կարգավորել մեր հարաբերություններն առանց նախապայմանների՝ չնայած Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված հսկայական աջակցությանը՝ ինչպես քաղաքական առումով, այնպես էլ՝ սպառազինության մատակարարմամբ և հազարավոր օտարերկրյա վարձկանների տեղակայմամբ»,- ասել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ դրական ազդակներ են ստացվել Թուրքիայի կողմից երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ, բայց այն խրթին է մնում։ «Անկարան նոր պայմաններ է առաջադրում։ Դրանց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է։ Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։ Պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները պետք է վերաբացվեն»,- նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am