Արտյոմ Դալաքյանը նոկաուտով պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Armenpress 18:41, 21 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինահայ բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը (21-0, 15 նոկաուտ) պաշտպանել է թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով չեմպիոնական տիտղոսը. 12 ռաունդանոց մենամարտում նա նոկաուտով հաղթել է պանամացի Լուիս Կոնսեպսյոնին (39-9, 28 նոկաուտ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով analitikaua.net-ը։

Մարտն ընթացել է Կիևում, Դալաքյանի նկատելի առավելությամբ ողջ դիմակայության ընթացքում։ Արդեն 5-րդ ռաունդում Դալաքյանը երկու անգամ նոկդաունի է ենթարկել իր մրցակցին, իսկ 9-դում հերթական նոկդաունից հետո պանամացու անկյունը նետել է սրբիչը և մրցավարը տեխնիկական նոկաուտով հաղթանակ է հայտարարել Դալաքյանի օգտին: Արտեմի համար այս մենամարտը դարձել է տիտղոսի հինգերորդ պաշտպանությունը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանին պարգեւատրել է «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am