Հայկական կառույցների միջամտությամբ Սալոնիկի հասարակական տրանսպորտի վրա հայտնված ադրբեջանական գովազդը հեռացվել է

Armenpress 17:32, 24 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Սալոնիկ քաղաքում հասարակական տրանսպորտի վրա հայտնված ադրբեջանական գովազդը՝ «Շուշին Ադրբեջան է» գրառմամբ, հանվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Greek city times-ը՝ հավելելով, որ Ադրբեջանն օգտագործում է իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները օկուպացրած հայկական Շուշի քաղաքն իրենը ներկայացնելու համար:

Նշվում է, որ դա չի վրիպել Հունաստանի հայ համայնքի ուշադրությունից: Հայ համայնքը դիմել է տեղական իշխանություններին հեռացնելու գովազդը, որն արվել է առանց երկմտանքի:

Greek city times-ը գրում է, որ թեև գովազդը հանվել է, սակայն հարց է առաջացնում, թե ինչու է երբևէ թույլատրվել այն ցուցադրել: «Ադրբեջանի զինված ուժերը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ գրավել են պատմական հայկական Շուշի քաղաքը»,- գրում է կայքը:

Հունաստանում ՀՀ դեսպանությունը ավելի վաղ հայտնել էր, որ տեղեկացված է Սալոնիկ քաղաքում ադրբեջանական քարոզչական սադրանքի մասին եւ իրենից կախված ամեն միջոց գործադրում է, համայնքային կառույցների հետ միասին, որպեսզի այդ սադրանքը չեզոքացվի և ապագայում չկրկնվի։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am