Հայաստանը դիմել է ՌԴ-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը աջակցելու համար. Զախարովա

Armenpress 16:05, 25 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատում է, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին Երևանի և Անկարայի միջև հարաբերություններում միջնորդական դեր ստանձնելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զախարովան այս մասին ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը քննարկել է Թուրքիայի հետ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը, հաշվի առնելով այն, որ Հայաստանը տեղեկացրել է Ռուսաստանին, որ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը:

«Կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերություններին որպես միջնորդ աջակցելու համար: Ռուսաստանը շահագրգռված է, ինչպես գիտեք, եւ ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, մեր երկիրը պատրաստ է ամեն կերպ հետագայում ևս աջակցել դրան: Այս գործընթացի մեկնարկը, ինչպես մենք ենք կարծում, անշուշտ, կնպաստի տարածաշրջանում հասարակությունների սերտացմանը և բարիդրացիության ու վստահության մթնոլորտի ձևավորմանը, որը ներկայումս հատկապես արդիական է: Երբ նոր տվյալներ ի հայտ գան, մենք ձեզ անպայման կտեղեկացնենք, բայց, բնականաբար, եթե դա չի վնասի բուն բանակցային գործընթացին ՝ հաշվի առնելով նրա զգայունությունը»,- եզրափակեց Զախարովան:

Ավելի վաղ, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը նշել էր, որ մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նրա խոսքով` ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում Հայաստանը տեղեկացրել է, որ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am