1000х90.jpg (78 KB)

Վարդենիսի երաժշտական դպրոցի և մշակույթի պալատի սաները համերգային ծրագրով հանդես եկան Ռոման Սյուր-Իզերի բեմում

Armenpress 19:23, 25 Նոյեմբեր, 2021

ԳԱՎԱՌ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ֆրանսիա-Աշտարակ-Արմենիա» մշակութային միության ղեկավար Լևոն Չատիկյանի հրավերով և աջակցությամբ Ֆրանսիայի Ռոման Սյուր-Իզեր քաղաքի՝ «Կորդելիեր» կոչվող համերգասրահում օրերս կայացած «Երեխաների զարգացման ծրագիր» խորագրով մշակութային միջոցառման շրջանակներում Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցի ժողգործիքների անսամբլը և Վարդենիսի մշակույթի պալատի «Սասուն» ազգագրական պարի անսամբլը հանդես եկան համերգային ծրագրով՝ Վարդենիսի քույր քաղաք Ռոման Սյուր-Իզերի սրտում ներկայացնելով հայկական ազգային երգարվեստն ու պարարվեստը։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառման ավարտին Վարդենիսի համայնքապետարանի ներկայացուցիչ Ամալյա Հակոբյանը Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի անունից, ի նշան երկու երկրների միջև մշակութային համագործակցության ամրապնդման, Ռոմանի քաղաքապետարանի ներկայացուցիչներին՝  փոխքաղաքապետեր Քրիստոֆեր Բանին և Ֆիլիպին Գուին հանձնել է  Ռոմանի քաղաքապետ Մարի Հելեն Տորավալին ուղղված հուշանվերն ու շնորհակալագիրը։ Հուշանվերներ ու շնորհակալագրեր են հանձնվել  նաև «Ֆրանսիա-Աշտարակ-Արմենիա» մշակութային միության ղեկավար Լևոն Չատիկյանին և «Կորդելիեր» համերգասրահի տնօրեն Մարի Հորտենս-Լակրուային։

«Նշված նախաձեռնությանը ֆինանսական  մեծ աջակցությունն են ցուցաբերել «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, ինչպես նաև Վարդենիսի համայնքապետարանը և մասնակցող երեխաների ծնողները: Սա  հիանալի առիթ էր՝ հայկական ազգագրական երգերն ու պարերը ֆրանսիական բեմում ներկայացնելու համար։ Մեր սաների գեղարվեստական կատարումները ֆրանսիացի հանդիսատեսների կողմից ընդունվել են ծափողջույններով ու մեծ ոգևորությամբ»,- տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։

 

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am