Մեր գնահատականն է, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք. Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպմանը

Armenpress 18:44, 26 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում 2020-ի նոյեմբերի 9-ի զինադադարից հետո տեղակայված ռուսական խաղաղարար ուժերը և առհասարակ Ռուսաստանի Դաշնությունն առանցքային դեր են խաղում Արցախում և ընդհանուր տարածաշրջանում իրավիճակի կայունացման մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Սոչիում ընթացող Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ, այդուհանդերձ, իրավիճակը այնքան կայուն չէ, որքան ցանկալի կլիներ:

Հայաստանի վարչապետը հիշեցրել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո երկու կողմից տասնյակ զոհեր են եղել, միջադեպեր են գրանցվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, իսկ 2021 թվականի մայիսի 12-ից ճգնաժամային իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին՝ ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո:

«Ակնհայտ է, որ ռուսաստանյան խաղաղապահները և Ռուսաստանի Դաշնությունն առանցքային դեր են խաղում Լեռնային Ղարաբաղում և ընդհանուր տարածաշրջանում իրավիճակի կայունացման մեջ: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ, ցավոք, իրավիճակը այնքան կայուն չէ, որքան կուզեինք: 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո երկու կողմից զոհվել է մի քանի տասնյակ մարդ, միջադեպեր լինում են ե՛ւ Լեռնային Ղարաբաղում, իսկ այս տարվա մայիսի 12-ից փաստացի ճգնաժամային իրավիճակ է նաև հայ-ադրբեջանական սահմանին, և մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի սահմանները սահմանազատված և սահմանագծված չեն, բայց պետական սահման գոյություն ունի, և դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է», - շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am