Ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գողերի» ու հանցավոր հեղինակությունների

Armenpress 14:51, 27 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը շարունակում է հանցավորության դեմ ամենօրյա ռեժիմով հետևողական պայքար մղել՝ իրականացնելով բազմաբնույթ ու ծավալուն միջոցառումներ։ Այս համատեքստում ՔՈԳՎ, ԵՔՎ և մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները տարբեր քրեական գործերի շրջանակներում մայրաքաղաքում ու մարզերում խուզարկել են ընդհանուր 5 ավտոմեքենա և 128 հասցե, այդ թվում, այսպես ասած՝ «օրենքով գող» և հանցավոր հեղինակություն համարվող անձանց: 

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը: 

Հայտնաբերվել են մարտական ատրճանակներ, տարբեր տեսակի հրացաններ, փամփշտատուփ, տարբեր հրազենների ու տրամաչափի մի քանի տասնյակ փամփուշտ, սառը զենքեր, մահակներ, զրահաբաճկոններ, կեղծ թղթադրամներ, կորցրած համարանիշեր, 24 գրամից ավելի մարիխուանա, հոգեմետ դեղահաբեր և այլն։

«Հատուկ միջոցառման շրջանակներում ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել մի քանի տասնյակ անձ, այդ թվում, այսպես ասած, «օրենքով գող» և հանցավոր հեղինակություն համարվող անձինք։ Նրանցից մեկը՝ Գյումրու բնակիչ 38–ամյա տղամարդը, որը բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին, հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։Ոստիկանությունը նույն հետևողականությամբ շարունակելու է հանցավորության դեմ տարվող ամենօրյա և շուրջօրյա պայքարը»,- ասված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am