Դուարտե Պաչեկոն Ալեն Սիմոնյանին առաջարկել է Հայաստանում երիտասարդ խորհրդարանականների ֆորում անցկացնել

Armenpress 12:00, 29 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Դուարտե Պաչեկոյին:

«Ողջույնների փոխանակումից հետո ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Պաչեկոյին Միջխորհրդարանական միության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Կողմերը քննարկել են Հայաստանի խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու եւ քաղաքացու հիմնարար ազատությունների եւ իրավունքների իրացմանը, կանանց ու երիտասարդների ներկայացվածությանն առնչվող հարցեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  նշված է ՀՀ ԱԺ տարածած հաղորդագրության մեջ:

Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովում կանայք կազմում են պատգամավորների ընդհանուր թվի 34 տոկոսը: Միջխորհրդարանական միության նախագահը բարձր է գնահատել խորհրդարանում կանանց ներկայացվածությունը, որը գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը: Նա կարեւորել է նաեւ երիտասարդների ակտիվ քաղաքական եւ քաղաքացիական ներկայացվածությունը Հայաստանում առկա գործընթացներին:

Միջխորհրդարանական միության նախագահն առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին երիտասարդ խորհրդարանականների ֆորում անցկացնել Հայաստանում, ինչն արժանացել է Ալեն Սիմոնյանի հավանությանը:

Նշվում է, որ երկուստեք արձանագրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ակտիվ մասնակցությունը Միջխորհրդարանական միության աշխատանքներին:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am