1000х90.jpg (78 KB)

ՊՆ-ն կվերացնի զինծառայողի բնակարանի վարձակալության դիմաց փոխհատուցման ստացման կարգում առաջացող խոչընդոտները

Armenpress 13:39, 2 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը նախատեսում է վերացնել այն խնդիրները, խոչընդոտները, որոնց պայմանագրային բախվում են զինծառայողները իրենց հիմնական հաշվառման վայրից 30 կմ հեռավորությամբ ծառայության նշանակվելու դեպքում բնակարանի վարձակալության դիմաց տրվող փոխհատուցման ստացման կարգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  դեկտեմբերի 2-ին ՀՀ ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը  աշխատանքային քննարկում էր կազմակերպել՝ քննարկելու իր օրենսդրական նախաձեռնությունը՝ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ:

Գործող օրենքով պայմանագրային զինծառայողները ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են ծառայողական բնակարաններով` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով: Ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք է համարվում ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 30 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունենալը:  Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով:

Թովմասյանը ստացել է բազմաթիվ ահազանգեր, որ զինծառայողները օգտվում են կառավարության կողմից իրենց վերապահված արտոնությունից, փոխհատուցումից, բայց այդ ստանալու կարգում երբեմն ստիպված են լինում օրենք խախտել: Եվ, պատգամավորի խոսքով, այդ խախտման համար 81 քաղաքացի այս պահին որպես մեղադրյալ է ներգրավված տարբեր գործերով: «Շատ դեպքերում, որտեղ զինծառայողները բնակվում են, սեփականատերերը չեն համաձայնում պայմանագիր կապել, և զինծառայողները ստիպված են լինում այլ բնակելի տարածքի համար վարձակալության պայմանագիր կապել, բայց իրենք փաստացի բնակվում են այլ տարածքում: Եվ իրավապահ մարմինները գտել են, որ կա կոնկրետ օրինախախտում, և քրեական գործեր են հարուցվել»,- ասաց պատգամավորը:

Թովմասյանն առաջարկում է, որ զինծառայողն այլևս անհրաժեշտություն չունենա՝ վարձակալության պայմանագիր ներկայացնել, սեփականություն և հաշվառում չունենալու վերաբերյալ Կադաստրի կոմիտեից տեղեկանքի ներկայացումը բավարար լինի՝ փոխհատուցումը ստանալու համար:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խնդրին տեղյակ է, տեղյակ է այն խոչընդոտներին, որոնք զինծառայողները բախվել են վարձակալական հիմունքներով բնակության իրավունքի իրացման շրջանակներում, սակայն գտնում է, որ պատգամավորի ներկայացրած նախագիծն այդ տեսքով ընթացակարգային կիրառման առումով կարող է խնդիրների հանգեցնել:

ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը հայտնեց, որ  դրա փոխարեն ՊՆ-ն այլ առաջարկ ունի:

«Առաջարկում ենք, որ իր բնակության վայրից 30 կմ հեռավորությամբ զինծառայողին ծառայության նշանակելու դեպքում նրան հաշվարկվի հավելում, պայմանը պետք է նախատեսի, որ այդ ծառայության վայրում 30 կմ շառավղով ինքը չունի սեփականության իրավունքով  բնակելի տարածություն և հաշվառում»,- ասաց Սիմոնյանն ու հավելեց՝ այսինքն զինծառայողն ընդամենը Կադաստրից մեկ փաստաթուղթ է ներկայացնելու, որն էլ դառնալու է հիմք:

Այսպիսով, եթե մինչև հիմա գործում է որպես բնակելի տարածության վարձակալության համար փոխհատուցման տարբերակը, ապա հիմա ՊՆ-ն առաջարկելու է հավելման ձևաչափը: Այդ պահին կառավարությունը օրենքի համաձայն սահմանել է վարձակալության դիմաց փոխհատուցման չափերը, նույն սկզբունքը պահվելու է հավելում նախատեսելու դեպքում: Մինչև պատգամավորի՝ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, հարցը ՊՆ-ում քննարկվել է, նախագիծը նախնական մշակված է, սակայն դեռ պաշտոնապես շրջանառության մեջ չի դրվել:

ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ Արմինե Մաթոսյանն էլ առաջարկեց կարգավորման համար ընտրել ոչ թե հավելման, այլ ծախսերի փոխհատուցման տարբերակը՝ այլ իրավական ակտում:

Թագուհի Թովմասյանն իր օրենքի նախագիծը պաշտոնապես կդնի շրջանառության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am