Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում արդյունավետ հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Armenpress 18:26, 2 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում արդյունավետ հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Հայաստանի ԱԳ նախարարը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:

«Արդյունավետ հանդիպում տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հանդիպման ընթացքում ընդգծվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերականգնման կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո», - նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1-3-ը աշխատանքային այցով մեկնել է Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։ ԱԳ նախարարը այցի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու: Այդ թվում հնարավոր է հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am