ԱՄՆ «Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողով»-ը Թուրքիայի վերաբերյալ սկանդալային զեկույց է պատրաստել

Armenpress 15:50, 6 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ «Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողով»-ն իր կողմից պատրաստված զեկույցում Թուրքիային մեղադրել է կրոնական փոքրամասնությունների շուրջ թշնամական քաղաքական միջավայր ստեղծելու մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական yeniakit.com.tr-ն:

Զեկույցում նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը հանդուրժում է երկրի, ինչպես մահմեդական, այնպես էլ ոչ մահմեդական կրոնական փոքրամասնությունների դեմ ուղղված ատելության խոսքն ու բռնության ակտերը, և ընդգծվում, որ  հատկապես Թուրքիայի հայ համայնքի և այլոց ահաբեկման ենթարկելու նոր ձևեր են ի հայտ եկել:

Շեշտված է, որ հայկական կրոնական ժառանգությունը վտանգի տակ է և  ընդգծվում է, որ թուրքական կառավարությունը շարունակաբար միջամտել է կրոնական փոքրամասնությունների ներքին գործերին:

«2013 թվականից ի վեր Թուրքիայի կառավարությունը խոչընդոտում է կրոնական փոքրամասնությունների հիմնադրամների  խորհուրդների նոր անդամների ընտրության գործընթացին։ Այդ գործելաոճն, աստիճանաբար, նվազեցնում է նրանց (իմա.՝ խորհրդի անդամների)  թիվը մահվան և հիվանդության պատճառով, մեծացնում է առօրյա աշխատանքային դժվարությունները, ինչպես նաև՝  վնասում է այնպիսի համայնքներին, ինչպիսին է, օրինակ, Հայ Առաքելական Եկեղեցին: Բացի այդ  COVID-19 համավարակը և Լեռնային Ղարաբաղում պատերազմը նպաստել  են հակահայկական դավադրություններին և բողոքի ցույցերին»,-ասված է զեկույցում։ 

Զեկույցում ընդգծված է նաև Թուրքիայում հակասեմականության աճը և ալևի համայնքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am