1000х90.jpg (78 KB)

Ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը «Փյունիկից» են  

Armenpress 11:45, 7 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի նոյեմբերի լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Փորձագետների եւ երկրպագուների քվեարկությամբ նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Փյունիկի» հարձակվող Խոսե Կարաբալյոն, ով անցկացրած 4 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել նոյեմբերի բոլոր խաղերում։ Կարաբալյոն առաջ է անցնել «Արարատ-Արմենիայի» ռմբարկու Մաիլսոն Լիմայից և իր խաղընկեր Հովհաննես Հարությունյանից:

Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, որի գլխավորությամբ երեւանյան ակումբը 4 խաղում տարել է 4 հաղթանակ։ Մելիքյանն այս մրցանակին արժանանում է 3-րդ ամիսն անընդմեջ։

Լավագույնների ցանկում Մելիքյանին հաջորդում են «Արարատ-Արմենիայի» եւ «Ալաշկերտի» մարզիչներ Դմիտրի Գունկոն ու Միլան Միլանովիչը։

Լավագույնները որոշվել են երկրպագուների և փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 եւ 2/3 համամասնությամբ: Լավագույն մարզչի եւ ֆուտբոլիստի մրցանակները կհանձնվեն Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցանակակիրների թիմերի առաջիկա տնային հանդիպումներից առաջ: Vbet ընկերության կողմից մրցանակներ սահմանված են յուրաքանչյուր ամսվա համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am