Վահրամ Դումանյանն ու ՀՀ-ում Բելառուսի դեսպանն անդրադարձել են ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմանը

Armenpress 17:00, 8 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ողջունելով դեսպանի այցը նախարարություն և կարևորելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները՝ Վահրամ Դումանյանը վստահություն է հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում անհրաժեշտ է առավել սերտացնել համագործակցությունը:

«Մեր երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունը կնպաստի նրան, որպեսզի երիտասարդները միմյանց հետ շփվելու հնարավորություն ստանան, իսկ դրա լավագույն միջոցը կրթությունը, մշակույթն ու սպորտն են»,-նշել է նախարարը և հավելել, որ հատկապես գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրներն ունեն շատ ընդհանրություններ:

Ալեքսանդր Կոնյուկն իր հերթին մատնանշել է այն ուղղությունները, որոնցով բելառուսական կողմը պատրաստ է գործնական քայլերի: Մասնավորապես, դեսպանն ընդգծել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական ու Բելառուսի օպերայի և բալետի ազգային թատրոնների միջև հնարավոր համագործակցությունը: Այդ համատեքստում կարևորվել է թատրոնների արտիստների փոխայցելությունների իրականացումը:

Կողմերն անդրադարձել են նաև ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմանը՝ քննարկելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում միջկառավարական համաձայնագրի ստորագրման հնարավորության հարցը: Նախարարը և դեսպանը կարևորել են նաև սպորտի ոլորտում համագործակցության խորացումը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և գործնական քայլերի անցնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am