ՀՀ ԱԺ նախագահը Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարեւորել է երկկողմ համագործակցության զարգացումը

Armenpress 17:22, 14 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, ողջույնների փոխանակումից հետո Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին Ղազախստանում առաջիկայում նշվելիք Անկախության օրվա կապակցությամբ:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Ղազախստանի հետ համագործակցության զարգացումը` ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային խորհրդարանական կառույցներում:

Կողմերն անդրադարձել են ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներում, Միջխորհրդարանական միությունում եւ ԵԱՏՄ-ում երկու երկրների փոխգործակցությանը:

Երկկողմ հարաբերությունների համատեքստում ԱԺ նախագահն ընդգծել է նաեւ միջխորհրդարանական փոխգործակցությունը, որտեղ առանցքային է համարել խորհրդարանական բարեկամության խմբերի դերը:

Քննարկվել է հետպատերազմյան իրավիճակը, մասնավորապես` անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձի հարցին:

Կողմերը հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում կարեւորել են Ղազախստանի հայ համայնքի դերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am