1000х90.jpg (78 KB)

Հայտնի է դարձել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ուղղաթիռի կործանման պատճառը

Armenpress 13:05, 20 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է նոյեմբերի 30-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ուղղաթիռի կործանման պատճառը, որի հետևանքով 14 մարդ էր մահացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Էլչին Մամեդովը հայտարարել է, որ կործանված Մի-17 ուղղաթիռի «սև արկղերը» աշխատունակ են, դրանից հնարավոր է ինֆորմացիա ստանալ։ «Երկկողմ համաձայնագրի հիման վրա դրանք ուղարկվել են Պրահա, և դրանցից ստացված բոլոր տվյալները՝ ներառյալ տեխնիկական պարամետրերը և օդաչուների խոսակցությունը, փոխանցվել են մեզ մեր չեխ գործընկերների կողմից, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ քրեական գործի նախաքննությունը վարում է գլխավոր դատախազության քննչական վարչությունը՝ Պետական սահմանապահ ծառայության մասնակցությամբ։

«Նախաթռիչքային նախապատրաստման ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել։ Բազմաթիվ ցուցմունքներ են ձեռք բերվել վկաներից։ Նախնական տվյալներով՝ ավիավթարի պատճառը եղել է օդաչուների կոպիտ սխալը, որոնք հաշվի չեն առել քամու ուժգնությունն ու ուղղությունը, ինչը հանգեցրել է աղետի»,- ասել է Մամեդովը։

Նոյեմբերի 30-ին Խըզը շրջանում գտնվող «Ղարահեյբաթ» զորավարժարանում ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել էր Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը։ Արդյունքում մահացել է 14 մարդ, ևս երկուսը ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am