1000х90.jpg (78 KB)

Փաշինյանը շատ իմաստուն վարվեց. ռազմական փորձագետը՝ Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշման մասին

Armenpress 09:49, 10 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի առաքելությունը Ղազախստանում, որն, ըստ էության, կոլեկտիվ արձագանքման առաջին իրական գործողությունն է կազմակերպության պատմության մեջ, էապես կբարձրացնի ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդպիսի կարծիք հայտնեց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը՝ շեշտելով, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահող, ինչ-որ առումով վճռական դեր խաղաց այդ գործընթացում:

«Ըստ երևույթին, Փաշինյանը ինչ-որ չափով միտումնավոր է այդպիսի ակտիվ դեր խաղում հենց այն պատճառով, որ սրանից հետո համանման իրավիճակում արդեն շատ ավելի դժվար կլինի Հայաստանի խնդրանքը մերժելը: Այսինքն՝ տվյալ պարագայում նա շատ իմաստուն վարվեց: Դա շատ խելացի քայլ էր Փաշինյանի կողմից: Բայց նախ և առաջ նա, իհարկե, խորհրդակցել է ՀԱՊԿ առաջնորդների հետ», - մեկնաբանեց Ալեքսանդր Խրամչիխինը:

Ռազմական փորձագետի խոսքով՝ Ղազախստանում սկսված խաղաղապահ առաքելությունը ՀԱՊԿ երկրների զինված ուժերի առաջին ոչ ուսումնական համատեղ գործողությունն է կազմակերպության ողջ պատմության մեջ, և կարելի է արձանագրել, որ ՀԱՊԿ-ը վերջապես սկսեց աշխատել որպես հավաքական անվտանգության իրական մեխանիզմ:

«Սա շատ էապես կբարձրացնի ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը, եթե նա իրեն այդպես դրսևորեց», - նշեց ռազմական փորձագետը:

Ինչ վերաբերում է Ղազախստանում տեղի ունեցող տագնապալի իրադարձություններին՝ ռուսաստանցի փորձագետը կարծում է, որ դրանք ի վերջո կավարտվեն խռովության ճնշմամբ: Ընդ որում, Խրամչիխինի կարծիքով՝ ՀԱՊԿ-ը մեծ դեր է խաղում այդ հարցում՝ չնայած այն հանգամանքին, որ այդ երկիր ուղարկված խաղաղապահ ուժերի զորակազմը մեծաթիվ չէ:

«Կարևորը դա չէ: Կարևորն այն է, որ ՀԱՊԿ-ը այնտեղ է: Իսկ դա նշանակում է, որ արդեն, ինչպես ասում են, փախչելու տեղ չկա: Եվ այդ ժամանակ ղազախական իրավապահ մարմիններն էլ ստիպված կլինեն աշխատել», - ասաց Ալեքսանդր Խրամչիխինը:

ՀԱՊԿ անդամ Ղազախստանի Հանրապետության մի շարք բնակավայրերում տարվա առաջին օրերից՝ հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ցույցեր, որոնք հետագայում վերաճեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով տուժել են հազարավոր մարդիկ, այդ թվում կան բազմաթիվ զոհեր: Իրավիճակը ծանր էր հատկապես նախկին մայրաքաղաք Ալմաթիում, որտեղ ցուցարարները գրավել էին նախագահի նստավայրը, քաղաքային վարչակազմի շենքը, Ազգային անվտանգության կոմիտեի վարչության, «Ղազախստան» և «Միր» հեռուստաընկերությունների մասնաճյուղերի շենքերը, ինչպես նաև օդանավակայանը: Նույնիսկ կառավարության հրաժարականը և հեղուկ գազի գների բարձրացման մասին որոշման չեղարկումը չհանդարտեցրին իրավիճակը, և նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստիպված էր արտակարգ դրության ռեժիմ սահմանել Ղազախստանի ողջ տարածքում:

Հունվարի 5-ի երեկոյան Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ դիմել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին երկրում ահաբեկչական սպառնալիքը կանխելու հարցում օգնելու խնդրանքով: Քիչ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ ինքն անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Հունվարի 6-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում՝ արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով»:

Նույն օրը ՀՀ կառավարությունը ընդունեց որոշում, որով թույլատրվում է ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանմանը մասնակցել Ղազախստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան ուղարկվեցին ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց մեջ ընդգրկված է 100 հայ զինծառայողից բաղկացած ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը: ՀՀ ԱԳՆ խոսնակի հաղորդմամբ՝ հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու:

ՀԱՊԿ-ը հավաքական անվտանգության ապահովման նկատառումներով ստեղծված միջազգային ռազմաքաղաքական կազմակերպություն է, որի մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992 թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: Ներկայում կազմակերպությանը անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Հայաստանը նախագահելու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում 2021-2022 թթ. ժամանակահատվածում:

Ղազախստանի իրավապահ մարմինները նշված դեպքերից հետո ձերբակալել են զանգվածային անկարգությունների ավելի քան 4200 մասնակցի, այդ թվում՝ օտարերկրացիների: Ներքին գործերի նախարարությունը նաև հրապարակել է անկարգությունների ժամանակ զոհված 7 ոստիկանների անունները:

 

Արամ Սարգսյան

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am