1000х90.jpg (78 KB)

Դաշնակիցները ողջունում են ՀՀ քաղաքական ղեկավարության որոշումը մասնակցելու Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղարար գործողությանը. Արամ Սաֆարյան

Armenpress 18:37, 11 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում հրահրված քաոսն ու անկայունությունը միայն ղազախական հասարակության խնդիրը չէր. ապակայունացման այն միտումները, որոնք կարող էին բխել Ղազախստանից, անպայման հասնելու էին Հարավային Կովկաս, և այն ուժերը, որոնք փորձում են ապակայունացնել Կենտրոնական Ասիան, կանգ չէին առնելու Հյուսիսային Կովկասի և Հարավային Կովկասի ապակայունացման վտանգի առաջ: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը՝ բարձր գնահատելով Հայաստանի նախագահությամբ ընդունված որոշումը Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորում ուղարկելու մասին:

«Այն, որ Հայաստանի կառավարության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, նախագահեց այդ նիստում իբրև Հավաքական անվտանգության խորհրդում նախագահող երկրի ղեկավար և որևէ խոչընդոտ չստեղծեց ՀԱՊԿ-ի կողմից ժամանակին և ճիշտ որոշում կայացնելուն և իրավիճակը Ղազախստանում վերահսկելիության շրջանակ բերելու գործում, շատ դրվատանքի, գովասանքի արժանի է և խոսում է այն մասին, որ Հայաստանը այս էլ որերորդ անգամ ցույց է տալիս եվրասիական քաղաքակրթական տարածքում իր կառուցողական դերը՝ կառուցողական դիրքորոշմամբ մասնակցելով բոլոր կենտրոնամետ գործընթացներին», - ընդգծեց Արամ Սաֆարյանը:

Հունվարի 5-ին, երբ Ղազախստանում մի քանի օր շարունակվող բողոքի ցույցերն արդեն վերաճել էին անկարգությունների և զինված բախումների, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խնդրանքով անհապաղ խորհրդակցություններ սկսեց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ և արդեն հունվարի 6-ին տեղեկացրեց, որ Ղազախստանի նախագահի դիմումի հիման վրա որոշում է կայացվել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:

- Պարոն Սաֆարյան, Ձեր կարծիքով՝ ՀԱՊԿ միջամտության անհրաժեշտություն իսկապես կա՞ր տվյալ իրավիճակում: Արդյոք իսկապես ազգային անվտանգությանն ու կայունությանը սպառնացող վտանգ էր առաջացել ՀԱՊԿ անդամ պետությունում: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի դերակատարումը այս գործընթացում որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահողի:

- Այն պահից, երբ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ խնդրելով խաղաղապահ գործողություն իրականացնել Ղազախստանում և ներկայացրեց քաոսի տանող ապակայունացման իրական վիճակը երկրում, ակնհայտ դարձավ, որ եվրասիական քաղաքակրթական տարածքի նկատմամբ մի աննախադեպ հզորության ահաբեկչական, քայքայիչ գործունեություն է իրականացվել: Միանգամից ասեմ, որ միանում եմ եվրասիական քաղաքակրթական տարածքի այն բոլոր կողմնակիցների և ինտեգրացիոն գործընթացները ողջունող քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների բանակին, որոնք ողջունել են ՀԱՊԿ-ի կողմից զինված ուժեր Ղազախստան մտցնելու գաղափարը: Ես երկար տարիներ է, ինչ զբաղվում եմ եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացի ուսումնասիրությամբ և այդ շրջանակներում Ղազախստանի ներքին և արտաքին քաղաքականության հարցերը շատ խորությամբ հետազոտելու հնարավորություն եմ ունեցել, ծանոթ եմ եղել և ծանոթ եմ Ղազախստանի քաղաքական վերնախավի բազմաթիվ նշանավոր գործիչների, ունեմ ընկերներ ղազախ քաղաքական վերլուծաբանների և գիտնականների շրջանում, և ինձ բոլորովին միևնույն չէ, թե այս պահին ի՞նչ է կատարվում եղբայրական Ղազախստանում:

Ուզում եմ ասել, որ բարձր եմ գնահատում Հայաստանի քաղաքական ղեկավարության որոշումը ՀԱՊԿ-ի խողովակով զինված ուժեր Ղազախստան ուղարկելու վերաբերյալ, և ինձ հետ համամիտ են իմ ղազախ, ռուս և բելառուս գործընկերները: Սա շա՛տ կարևոր որոշում է, և ես կարծում եմ, որ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը, ծավալումը ողջունող հետխորհրդային ուժերը ըստ արժանվույնս գնահատել են Հայաստանի ղեկավարության այդ որոշումը, և իրավամբ կարծում եմ, որ այդ որոշումը ժամանակին և վճռական արված քայլ էր Ղազախստանում տիրող քաոսը, անիշխանությունը կանխելու, երկիրը կայունացնելու և սահմանադրական կարգը փրկելու ուղղությամբ:

Ուզում եմ ասել նաև, որ ես այս օրերին ուշադրությամբ հետևում եմ, թե ինչպես են Ղազախստանի պատկան մարմինները ծավալում գործունեությունը այն բանից հետո, երբ ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանությունը ստանձնեց ՀԱՊԿ-ի 2500 հոգանոց խաղաղապահ զորամիավորումը: Ես տեսնում եմ, թե ինչ հաջողությամբ և ինչպիսի կազմակերպվածությամբ հնարավոր է դառնում վերականգնել շատ խաթարված ենթակառուցվածքների գործունեությունը, ինչպես են փորձում հաստատել կայունություն և ոչ վերջին հերթին, իհարկե, ինչպես են պայքարում երկիրը քաոսի դուռը հասցրած ապակայունացնող տարրերի դեմ:

Ուզում եմ, որ շատ հասկանալի լինի մեր հայրենակիցներին. այն, որ այսօր ղազախական պաշտոնական շրջանակները դեռևս չեն անվանում այն ատյանները, օղակները և ուժերը, որոնք բանը հասցրել են քաոսի և անիշխանության հաստատման եզրագծին, դեռ չի նշանակում, թե մենք չգիտենք նրանց անունները: Պարզապես այստեղ շատ լուրջ ապացույցների հավաքման հարկ կա, և ես կարծում եմ, որ Ղազախստանի իրավապահ մարմինները միանգամայն ի վիճակի են լինելու տանել այնպիսի հետաքննություն, որը հետխորհրդային տարածքի համագործակցող ազգերի համար հասկանալի կդարձնի, թե ի՛նչն էր այս ապակայունացման պատճառը և ովքե՛ր են այդ ապակայունացման իրական մեղավորները:

Անձամբ ես կարծում եմ, որ մեղավորներին պետք է փնտրել այն ուժերի շրջանում, որոնք կուզեին Ղազախստանը հեռացնել Ռուսաստանից, որոնք կուզեին, որ եվրասիական ինտեգրման տապալվեին կամ առնվազն հանդիպեին էական դժվարությունների: Ես կարծում եմ՝ սրանք այն ուժերն են, որոնք ուզում են ծայրահեղական գաղափարներ բերել-մտցնել Ղազախստան և երկիրը մի տևական ժամանակով վերածել քաոսի թատերաբեմի: Այս քաոսից հետո, ինչպես շատերս ենք հիմա հասկանում, գործը կանգ չէր առնելու, որովհետև դրանից հետո դրվելու էր ևս մեկ՝ այս անգամ շատ ավելի մեծ նշանակետ՝ քաոս և անիշխանություն առաջացնել հսկա Ռուսաստանում: Սա քաղաքակրթությունների միջև եղած ժամանակակից խիստ բախման պայմաններում ինձ համար հասկանալի մի քաղաքական խնդիր է, որի դեմն առնելու համար հարկավոր է, որ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի համագործակցող ազգերը, համագործակցող պետությունները, պետական իշխանության մարմինները հասարակության առողջ ուժերի մասնակցությամբ կարողանան միավորվել, մեկտեղել իրենց ուժերը, փոխանակել սպառիչ և ազնիվ տեղեկատվություն իրերի իրական վիճակի մասին մեր երկրներում և ի վիճակի լինել կանխարգելելու հնարավոր պայթյունը, որը կքայքայի եվրասիական քաղաքակրթական տարածքը ներսից:

- Այսինքն՝ Դուք արտաքին, աշխարհաքաղաքական հետքե՞ր եք տեսնում Ղազախստանի իրադարձություններում:

- Նորից եմ ասում՝ այն, որ մենք այսօր, հետևելով մեր ղազախ գործընկերներին, դեռ չենք տալիս անուններ և չենք հրապարակում կոնկրետ շրջանակների անուններ, որոնք կարող են ներքաշված լինել այս խժդժության մեջ, դեռ բոլորովին չի նշանակում, թե մենք չենք հասկանում, թե որտեղից կարող էր այդ վտանգը եկած լինել: Համոզված եմ, որ դա ոչ թե մենք՝ եվրասիական քաղաքակրթական տարածքի ժողովուրդներս, մեր մտավորականները, հասարակական-քաղաքական գործիչները պետք է դա անենք, այլ առաջին հերթին ղազախները, Ղազախստանի իրավիճակի այսօրվա տերերը, ղազախական հասարակության առողջ ուժերը:

Մի բան եմ ուզում ասել, որ Ղազախստանում կային մի քանի խոշոր ձեռքբերումներ, որոնք աչքի լույսի նման պետք էր պահել և պահպանել: Դրանք են միջկրոնական հանդուրժողականությունը, ազգամիջյան ներդաշնակությունը և խաղաղությունը, երկրի կառուցողական ուժերի համախմբումը իշխանության շուրջ հանուն դրված մեծ նպատակների: Իսկ նպատակներն իսկապես հսկայական են և միտված են ապագայում Ղազախստանը աշխարհի առաջավոր ազգերի շարքը դասելուն: Եվ այն, որ Ղազախստանում գտնվեցին մարդիկ, որոնք իրական թե հնարած տարբեր շարժառիթներով ապակայունացրեցին վիճակը՝ երկիրը դարձնելով քաոսի և անիշխանության թատերաբեմ, խոսում է այն մասին, որ այն հաջողությունները, որ ուներ Ղազախստանը, շատ շատերին հանգիստ չէին տալիս:

Պետք չէ խաբվել ամեն տեսակ կարգախոսներով և խոսակցություններով: Պետք է նայել ըստ էության իրերի խորքը՝ ինչի կարող էր հանգեցնել Ղազախստանի քաոսը: Դա կարող էր հանգեցնել Կենտրոնական Ասիայի ապակայունացմանը, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների տապալմանը կամ առնվազն դրանց դանդաղեցմանը, եվրասիական տարածքում անվստահության և կասկածանքի մթնոլորտի հաստատմանը և ՀԱՊԿ փլուզմանը: Եվ այն, որ Ղազախստանի խնդրանքով ՀԱՊԿ-ը իրականացրեց խաղաղարար գործողություն, և այն, որ Հայաստանի կառավարության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, նախագահեց այդ նիստում իբրև Հավաքական անվտանգության խորհրդում նախագահող երկրի ղեկավար և որևէ խոչընդոտ չստեղծեց ՀԱՊԿ-ի կողմից ժամանակին և ճիշտ որոշում կայացնելուն և իրավիճակը Ղազախստանում վերահսկելիության շրջանակ բերելու գործում, շատ դրվատանքի, գովասանքի արժանի է և խոսում է այն մասին, որ Հայաստանը այս էլ որերորդ անգամ ցույց է տալիս եվրասիական քաղաքակրթական տարածքում իր կառուցողական դերը՝ չվնասելով, չխոչընդոտելով, այլ ընդհակառակը՝ կառուցողական դիրքորոշմամբ մասնակցելով բոլոր կենտրոնամետ գործընթացներին:

Նորից եմ ուզում ասել և հատուկ ընդգծել՝ Ղազախստանում քաոսը միայն ղազախական հասարակության խնդիրը չէր: Այն, որ իրավիճակը վերահսկելիության շրջանակներից դուրս եկավ այդ երկրում, ցույց է տալիս, որ ժամանակակից աշխարհում, վարվող հիբրիդային պատերազմների, վարվող աշխարհաքաղաքական մրցակցության դաժանագույն մեթոդների առկայության պայմաններում հարկ է, որ մենք է՛լ ավելի սերտացնենք մեր համագործակցությունը ՀԱՊԿ-ի դաշնակից երկրների հետ, կարողանանք ճիշտ և ժամանակին գտնել այն անհանգստացնող և վնասակար գործընթացների թելերը, հետքերը, որոնք կարող են տանել հետխորհրդային տարածքի փլուզմանը, և մյուս կողմից էլ շարունակենք մեր կառուցողական մասնակցությունը եվրասիական ինտեգրման գործընթացին՝ մի բան, որ իսկապես ուզում է մեր ժողովուրդը, մի բան, որին իսկապես հավատում է հայ հասարակության մեծամասնությունը, և այն բխում է մեր պետության, մեր ժողովրդի իրական, խորքային շահերից:

- Իսկ ի՞նչ եք կարծում՝ Հայաստանի Հանրապետության այս կառուցողական մոտեցումը կգնահատվի՞ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի մեր գործընկերների, առաջին հերթին՝ Ռուսաստանի կողմից:

- Շատ լավ հարց եք տալիս: Ես էլ երկու պատասխան ունեմ դրան: Այս հարցն ունի երկու կողմ: Մեկը մեր ներքին հարցն է և մյուսը՝ մեր արտաքին քաղաքականության և մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների հարցն է: Ինչ վերաբերում է մեր ներքին հարցին, ապա մեր գործողությունների հիմքում պետք է դրված լիներ այս հարցի շուրջ Հայաստանի կառուցողական մթնոլորտի ձևավորման, ՀՀ հնարավոր ռեսուրսների մոբիլիզացիային ծառայելու և ապակայունացման գործընթացները կանխելու գործը, և այս իմաստով Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը պարզապես այլընտրանք չուներ, նա պետք է գնար այս քայլին:

Ինչ վերաբերում է հարցի մյուս կողմին՝ արդեն առիթ ունեցել եմ խոսելու իմ մոսկվացի, պետերբուրգցի և այլ՝ պաշտոնական շրջանակներին մոտ կանգնած շատ ազդեցիկ քաղաքագետների և վերլուծաբանների հետ, և նրանք շատ բարձր են գնահատում Հայաստանի այս դիրքորոշումը, ինչը մեկ անգամ էլ ընդգծեց, որ պետությունների այս ահռելի բազմության մեջ Ռուսաստանը իրականում մի քանի՝ շատ քիչ թվով իրական դաշնակիցներ ու բարեկամներ ունի, որոնցից մեկը Հայաստանն է: Այս պահին գտնվելով Ռուսաստանի կողքին, եղբայրական ձեռք մեկնելով Ղազախստանին, որի ժողովրդի հետ հայ ժողովրդին միավորում են հարյուրամյակների բարեկամության և փոխօգնության ավանդույթները, Հայաստանը ցույց է տալիս, որ մենք իրականում շատ մոտ ենք իրար, որ մենք իրականում իրար կարիքն ունենք, և այն կառուցողական ինտեգրացիոն գործընթացները, որոնք վերջին տարիներին լայնորեն ծավալվել և առաջ են գնում, մեր սրտից, մեր շահերից են բխում, և մեր հասարակությունն ուզում է, որ մենք լինենք ավելի ուժեղ, ավելի բարեկեցիկ։

Ապակայունացման այն միտումները, որոնք կարող էին գալ Ղազախստանից, անպայման հասնելու էին Հարավային Կովկաս: Այն ուժերը, որոնք փորձում են ապակայունացնել Կենտրոնական Ասիան, կանգ չէին առնելու Հյուսիսային Կովկասի և Հարավային Կովկասի ապակայունացման վտանգի առաջ, նրանք շարունակելու էին իրենց գործողությունները, և սա է, որ լուրջ անհանգստություն է պատճառում բոլոր նրանց, ում համար կայունությունը և պետական իշխանության ամրությունը իսկապես կարևոր արժեքներ են:

- Կարո՞ղ ենք ասել, որ սա, փաստորեն, աննախադեպ երևույթ է ՀԱՊԿ պատմության մեջ:

- Այո՛, սա առաջին նման դեպքն էր, և լավ էր, որ մենք ճիշտ ու ժամանակին արձագանքել ենք դրան: Այո՛, սա առաջին անգամն էր, որ ՀԱՊԿ երկրներից մեկի խնդրանքով լուրջ ռազմաքաղաքական գործողություն է իրականացվում ՀԱՊԿ անդամ պետության տարածքում: Սա ցույց է տալիս, որ այս դաշինքն այնքան էլ անօգուտ և անիմաստ չէ, ինչպես պնդում էին նրա շատ հակառակորդներ՝ այդ թվում մեր երկրում: Սա խոսում է այն մասին, որ երբ մեր երկրներն ուզենան և եթե մեր երկրները կարողանան իրար հետ պայմանավորվել, կարող են համատեղ գործողությամբ աշխարհում այնպիսի ազդեցիկ ներկայություն ունենալ, այդ թվում՝ ռազմաքաղաքական ներկայություն, որը հարգանք կներշնչի բոլոր բարեկամներին և ոչ միայն նրանց:

- Իսկ ինչպե՞ս եք, որպես փորձառու քաղաքական վերլուծաբան, պատկերացնում հետագա քաղաքական զարգացումները Ղազախստանում:

- Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ երկրների զինված ուժերի մուտքը Ղազախստան ընդամենը մի աջակցություն է ղազախական ուժային կառույցներին՝ կարգավորելու իրավիճակը երկրում: Հաջորդ բոլոր քայլերը կախված են ղազախական քաղաքական վերնախավից: ՀԱՊԿ խաղաղապահները շուտով կվերադառնան տուն։ Այդ մասին որոշումն արդեն ընդունված է։ Ղազախստանի քաղաքական վերնախավը պետք է ի վիճակի լինի ընդունել լուրջ որոշումներ, որոնցից առաջինը այսօր արդեն ընդունված է՝ նոր կառավարություն է ձևավորվել, նոր կառավարության ծրագիր է հաստատվել, Ալիխան Սմայիլովը նշանակվել է Ղազախստանի վարչապետ: Կարծում եմ, որ այդ նոր ծրագիրը, որով ղազախական կառավարությունը շատ օպերատիվ ներկայացավ իր հասարակությանը, իր ժողովրդին, պետք է հնարավորություն տա կառուցողական ուժերին համախմբվելու երկրի ղեկավարության շուրջ և շարունակելու լուծել այն շատ պատվավոր ու շատ բարձր մակարդակի խնդիրները, որ ի առջև դրել է Ղազախստանը: Ուզում եմ հիշեցնել՝ 2050 թվականին նրանք ուզում են մտնել աշխարհի 40 ամենազարգացած երկրների շարքը: Եվ դա հնարավոր է լինելու, եթե անդուլ աշխատանք իրականացվի և եթե հնարավոր լինի կառուցողական մթնոլորտը պահպանել ամբողջ երկրի տարածքում՝ արդեն պաշտպանելով ձեռք բերված այն նվաճումները, որոնք ես նշեցի:

 

Հարցազրույցը վարեց Արամ Սարգսյանը

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am